Cosmo.am-ը գրում է.
Առավոտյան մի կերպ արթնանում ես, ռոբոտի նման վազում աշխատանքի։ Կարծես թե ամեն ինչ նույնն է. շուրջդ կրկին գործընկերներդ են` սուրճի բաժակներով, սակայն գլխումդ քաոս է, չես հասկանում՝ ինչ է կատարվում: Նո՞ր ես վերադարձել արձակուրդից. նախկին ռեժիմին վերադառնալը կապույտ ծովից, կոկտեյլներից ու ծովափով շրջող գրավիչ երիտասարդներից հետո դժվար է, սակայն ոչ անհնար:Ասեմ՝ չզարմանաս. աշխատանքից ազատվելու դիմումների 80%-ը գրվում է հենց... արձակուրդից հետո: Մադրիդի Կոմպլուտենսի համալսարանի գիտաշխատողները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր այնքան էլ գոհ չեն իրենց աշխատանքից, այն փոխելու վճռական որոշումը կարողանում են կայացնել հենց հանգստից հետո: Կամ էլ արհեստականորեն երկարաձգում են արձակուրդը մոտավորապես հետևյալ պատճառաբանությամբ. «Պարո՛ն Սարգսյան, չեք պատկերացնի՝ ոնց եմ արևահարվել, ամբողջ մարմինս ցավում է, չեմ կարողանում նստել»:
Կարճ, բայց առանց ցնցումների
Եթե հնարավորություն ունես, արձակուրդդ բաժանիր երկու մասի. շատ ավելի հեշտ է վերադառնալ երկշաբաթյա, քան մեկամսյա արձակուրդից: Եվ հետո տարեկան մեկի փոխարեն երկու անգամ հանգստի հնարավորություն ունենալը շատ ավելի լավ հեռանկար է:
Նախապատրաստիր օրգանիզմդ
«Հանգստից հետո աշխատանքի վերադառնալը լուրջ սթրես է օրգանիզմի համար, քանի որ հանգստի վիճակից օրգանիզմը ստիպված է լինում վերադառնալ ակտիվ գործունեության: Օրգանիզմը ստիպված է ակտիվացնել իր բոլոր «պահեստային» ուժերը, և սկզբնական շրջանում հարմարվելու խնդիր է առաջանում»,-պարզաբանում է Cosmo-ի հոգեբան Տաթևիկ Աղաբեկյանը:Ֆիզիկական առումով ավելի թեթև ու արագ հարմարվելու համար Տաթևիկը խորհուրդ է տալիս վերջին մի քանի օրերին օրգանիզմը կրկին ընտելացնել աշխատանքային ռիթմին.նախ սկսել աստիճանաբար ավելի վաղ արթնանալ, այսինքն՝ ամեն օր կես ժամ շուտ, ինչպես նաև՝ կանոնակարգել սննդակարգը: Հրաշալի կլինի, եթե մասնագիտական գրականություն թերթես, հիշես կիսատ թողած գործերը, ծրագրես հետագա անելիքդ: Այդպես և՛ ավելի հեշտ կլինի աշխատանքը վերսկսելը, և՛ ավելի տրամադրված կգնաս աշխատանքի:
Կենտրոնացիր աշխատանքիդ վրա
Պետք չէ անմիջապես ինքնաթիռից իջնելուց հետո վազել աշխատանքի: Դու 2-3 օր ադապտացիայի կարիք ունես: Այնպես պլանավորիր, որ աշխատանքի անցնես հինգշաբթի կամ ուրբաթ օրը, որպեսզի չհասցնես զգալ աշխատանքային լարվածությունը:
Առաջին օրն աշխատանքի գնալիս հիշիր կարիերայիդ հետ կապված ամենավառ պահերը, իսկ ծովափնյա նկարներդ թող տանը. աշխատավայրում դրանցով զմայլվելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Ընդմիջմանը մի՛ մնա սենյակում, դուրս արի և զբոսնիր մաքուր օդում:
Մի՛ ծանրաբեռնվիր
Առաջին օրը պետք չէ «լծվել» աշխատանքի՝ մտածելով, որ կոլեգաներդ այսքան ժամանակ աշխատել են, իսկ դու՝ հանգստացել, ուրեմն «տանջվելու» հերթը քոնն է: Կես ժամ ավելի շուտ գնա աշխատանքի, ստուգիր էլ-փոստդ, կազմիր անելիքներիդ ցանկը և դասակարգիր դրանք ըստ կարևորության: Աշխատանքային ռիթմի մեջ արագ մտնելու համար տեղեկացիր, թե ինչեր են տեղի ունեցել քո բացակայության ընթացքում:
PS Աշխատիր քամուն չտալ բոլոր խնայողություններդ. այնպես, որ կարողանաս վերադառնալուց հետո քեզ նույնպես մի քիչ «երես տալ» և հեշտությամբ հաղթահարել հետարձակուրդային սթրեսը: