Azatutyun.am-ը գրում է․

Ես զրահապատ մեքենա չունեմ, ինձ երեք մեքենա չի ուղեկցում և այդ մեքենան չարժե 200․000 դոլար, արժե ավելի քիչ։ Այս մասին «Ազատություն TV»-ի հետ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, պատասխանելով քաղաքացիներից մեկի՝ բյուջեից թանկարժեք զրահապատ մեքենա գնելու վերաբերյալ հարցին, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ծուռ հայելիների աշխարհում ապրելը և իմ անվան հետ կապված շահարկումները, որը հիմա մոդայիկ են դարձել, ինչ-որ պահի պետք է դադարեն։ Այն ամենը, ինչ ես լսում եմ իմ մասին, մեր ընկերական շրջապատում արդեն բազմաթիվ կատակների թեմա է դարձել։ Ինչ-որ մի տեղ ես շենք եմ կառուցում և բոլորը վստահ են, որ դա իմ շենքն է, մի տեղ ես ինչ-որ բան եմ հովանավորում։ Այս ամեն ինչը կապ չունի իրականության հետ։ Դա իմ ընտրությունը չէ․ ես ինձ մեքենա չեմ գնում, ես մեքենա չեմ վարում, այդ հնարավորությունը չունեմ և հաճախ այդ որոշումների հետ որևէ կապ չունեմ։ Կան չափանիշներ, որոնք պետք է լինեն բարձրաստիճան պաշտոնյաներին ուղեկցելիս, դա արագությունն է, մեքենայի ճկունությունն է և այլն։ Ինձ երեք մեքենա չի սպասարկում և չի ուղեկցում, պետությունը ունի որոշակի արարողակարգեր, ես փորձում եմ հրաժարվել գրեթե ամեն ինչից, ինչը օրենքը մեզ չի արգելում։ Ինձ սպասարկող մեքենան զրահապատ չէ, եթե լիներ զրահապատ, մեքենայի գինը կլիներ մոտ 550․000 դոլար, ես հրաժարվել զրահապատի գաղափարից»,-ասաց նա։

Սիմոնյանն ասաց, որ պետական պաշտոնյա դառնալուց հետո իր կյանքի որակը փոխվել է դեպի վատը։

«Այդ գումարները, որ ծախսվում են մեքենաների վրա, դրանք ոչ թե պետբյուջեի, այլ ԱԺ-ի գումարներն են։ Ընթացիկ խնդիրները լուծելու համար ես իմ անվտանգությունը դրել եմ մի կողմ և 550․000 դոլարանոց զրահապատ մեքնայից հրաժարվել եմ։ Քանի որ առկա մեքենան շատ ծախսեր էր առաջացնում, որոշեցինք նոր մեքենա գնել։ Այսինքն, եթե նոր մեքենա չգնեինք, դա բյուջեի վրա շատ ավելի թանկ էր նստելու և կստացվեր, որ մենք անիմաստ ծախս ենք անում»,- ասաց ԱԺ նախագահը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել