Ուկրաինան ներկայացրել է համաձայնագրի նոր նախագիծ, Ռուսաստանում դա դիտարկում են որպես Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածություններից շեղում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է «Ինտերֆաքս»-ը:

«Չնայած բոլոր սադրանքներին, ռուսական պատվիրակությունը կշարունակի բանակցային գործընթացը՝ առաջ մղելով մեր համաձայնագրի նախագիծը, որը հստակ և ամբողջությամբ շարադրում է մեր հիմնական դիրքորոշումներն ու պահանջները», - ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ Ուկրաինայի ղեկավարության բանակցելու անկարողությունը խոսում է բանակցային գործընթացը ձգձգելու և խարխլելու Կիևի ցանկության մասին։

Նրա խոսքով՝ պատճառը Արևմուտքի ցանկությունն է՝ դրդել ուկրաինական կողմին շարունակել ռազմական գործողությունները:

«Վաշինգտոնը և նրա դաշնակիցները նախագահ Զելենսկիին դրդում են շարունակել ռազմական գործողությունները», - ասել է Լավրովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել