Aravot.am-ը գրում է.
Երկրապահ կամավորականների միությունն այս օրերին հանրապետության բոլոր տարածքային կառույցներում հանդիպում-ժողովներ է կազմակերպում։ Նպատակը տարին ամփոփելն ու փոփոխությունները ներկայացնելն է։
Միությունը 76 կառույց ունի ողջ հանրապետությունում։ «Երկրապահը ոչ մի իշխանության կցորդ չի դառնալու։ Երկրապահը կանգնելու է պետության ու հատկապես բանակի կողքին»,- aravot.am-ի փոխանցմամբ, ասել է Սասուն Միքայելյանը։
Փոփոխություններ են կատարվել վարչության կազմի մեջ, մաքրվում են ցուցակները։, փոխվում են անդամատոմսերը։ «Ոչ թե նպատակը Մանվել Գրիգորյանի ստեղծած անդամատոմսերի ձեւը փոխելն է ու իմ կողմից ստեղծածը դնելը, այլ միության մեջ այնպիսի մարդիկ են, որոնք կապ չունեն ու չեն ունեցել Երկրապահի հետ։ Զտում ենք մեր կառույցը»,-նշեց ԵԿՄ նախագահը։
ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի խոսքով, միությունը պետք է երիտասարդացվի ու բավականին աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։ Զինակիցներին Սասուն Միքայելյանը հորդորեց մի կողմ թողնել քաղաքականությունը, մեջներից հանել ամեն ինչ ու համախմբվել։ « Մի քիչ խելոք լինենք ու համախմբվենք։ Թողնենք մեր քաղաքական խաղերը, ամբիցիաներն ու համախմբվենք պետության շուրջը»,-ասաց Սասուն Միքայելյանը։