Ինչ ծանր է ամեն օրն այս 44 աստիճանի վրա, որ Հայաստանի Հանրապետությունից առավել՝ նախ Հայրենիք է կոչվում։ Ծանր, շատ ծանր է ապրել հայրենիք- պետությանդ մեջ ու չհավատալ։ Հավատալու, չհուսահատվելու, Հայրենիքին ու նրա ապագային նվիրվելու մղումը արդարության ու արժանապատվության փոքրիկ-փոքրիկ օազիսներ է գոյացնում, ներշնչում, որ ամեն ինչ կորած չէ, ներշնչում, որ անկշտումությունը սահման ունի, մարդկային բանականությունը, խիղճը, չափի զգացողությունը, վերջապես քաղաքական իմաստնությունն ու բարոյականությունը չեն լքել մեր մի բուռ, խոցված սահմանները։
Պարզից էլ պարզ է, քրիստոնեական ու համամարդկային. չես հավատում՝ չկաս...
Ինչպես չկա հայ երիտասարդության այն 70 տոկոսը, ով չի հավատում իր երկրին ու առաջին իսկ առիթի դեպքում քառատրոփ կփախչի Հայրենիքից։ Հայաստանի Հանրապետությունն իր համոզումներում ընդամենը աշխարհագրություն է դարձել, նա ընդամենը մարդահամարի ցուցանիշ է, քաղաքացիապես, իբրև ազգային հարստություն ու անվտանգության գործոն նա չկա։ Մի՞թե դժվար է սա ընկալել, հասկանալ, գիտակցել...
Նայում եմ Կոմիտաս 5-ում ոստիկանների վարքագծին ու փորձում, ինձ ներշնչում հավատալ, թե նրանք հանրային կարգ են պաշտպանում, մեր բոլորի խաղաղ համակեցությունն ու մարդկային իրավունքները։
Այնքան եմ ուզում հավատալ...նույնիսկ, երբ մայթին կանգնածներին են գետնաքարշ խոթում ոստիկանական մեքենաները։ Հավատում եմ նաև հակակրանիքի վերածվող վիրավորանքս մեղմելու, հուսահատ աղջիկների ու կանանց անզոր ճիչը չեզոքացնելու, Սումգայիթ, Բաքու, թուրք բառերն այդ համատեքստում լսած չլինելու համար։
Հավատիս վերջին փշուրները փոշիանում են, երբ ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանն ամենավերջում, երբ փողոցը «մաքրված» է ու օպերացիան «գլուխ բերած», անկեղծանում է՝ «Ինչի՞ պիտի չկառուցվի որ, լավ էլ լավ շենք ա, բոլոր նորմերը պահած, սեյսմակայուն, էսթետիկ, դիզայնով...»։ Ահա և վերջ...
Հիմա մտածում եմ, ո՞նց անենք, որ էս փոխգնդապետի քաղաքաշինական տաղանդը Նարեկ Սարգսյանը նկատի, թե չէ՝ ի՜նչ հասարակական կարգ, ի՜նչ խոչընդոտել, ի՜նչ հանրային տարածք...ինչ ՀՀ օրենքներ...
Իսկ ես, այնուամենայնիվ, հավատում եմ՝ մեր քաղաքն ԻՍԿԱՆԱՆ տերեր ունի, ու նրանք քիչ չեն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Lilit.Galstian/posts/527674150642537?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել