Pastinfo.am-ը գրում է.
«Ինչո՞ւ է ձեր վարչապետը գլխատել Պաշտպանության նախարարությունը՝ զրկելով նրան Գլխավոր շտաբից, չէ՞ որ, փաստացի, պատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանում գոյություն չունի Գլխավոր շտաբի պետ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է արցախյան առաջին պատերազմի գործուն մասնակից, գեներալ – լեյտենանտ Նորատ – Տեր Գրիգորյանցը՝ նշելով, որ պատերազմական գործողություններն անմիջականորեն ղեկավարում է գլխավոր շտաբն՝ իր պետով։
Մինչդեռ հիմա, գլխատելով Պաշտպանության նախարարությունը, սկսված պատերազմական իրավիճակում միակ որոշում ընդունողը դառնում է երկրի Գերագույն գլխավոր հրամանատարը, այսինքն՝ վարչապետը։
«Իսկ ի՞նչ է անում այդ վարչապետը…Իմ կարծիքով՝ նա անում է հնարավոր և անհնար ամեն ինչ, որպեսզի թշնամին հարձակվի անմիջապես Հայաստանի Հանրապետության սահմանների վրա։ Սա, փաստացի, ռազմական հանցագործությունից զատ, նաև՝ պետական դավաճանություն է, թշնամանք, որ իրակացնում են այդ իշխանությունները՝ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ։ Հավատացեք՝ իմ հոգին էլ ձեզ հետ միասին լաց է լինում։ Մենք մարտունակ բանակ էինք թողել իրենց…»,- ասել է Նորատ Տեր-Գրիգորյանցը։
Արձանագրելով, որ Արցախում չափազանց վտանգավոր իրավիճակ է ստեղծվել՝ հայոց բանակի կազմավորման ակունքներում կանգնած գեներալը հռետորական հարցադրում է հնչեցրել. «իսկ ինչո՞վ են զբաղված մեր զորքերը, ի՞նչ է անում Պաշտպանության Նախարարությունը, ի՞նչ քայլեր է նախաձեռնում երկրի Գերագույն գլխավոր հրամանատարը, երբ Արցախի երկնքում «Բայրաքթարներ» են պտտվում և արդեն զոհեր ունենք։
«Թուրքերը տեսնում են, որ առանց որևէ էական դիմադրության, հայաթափում և տեղահանում են մի ողջ գյուղ։ Եթե իրավիճակը շարունակի այսպես մնալ, այսինքն, եթե թշնամին տեսնի և հասկանա, որ իր վայրագ և հանցագործ գործողություններին համարժեք պատասխան տվող չկա, ապա, անպայման, նույն գործողությունները կիրականացնի նաև Հայաստանի Հանրապետության սահմաններին՝ Տավուշում, Գեղարքունիքում, Արարատում, չեմ խոսում արդեն Սյունիքի մասին, որն ամբողջությամբ կարող է հայաթափվել, ինչին էլ ձգտում են Թուրքիան և Ադրբեջանը»,- հայտարարել է Նորատ Տեր-Գրիգորյանը ու ավելացրել. «Ի՞նչ է, ի վերջո, ուզում Հայաստանից այդ իշխանությունն՝ իր այսօրվա հանցավոր անգործությամբ … թողնել միայն Երևանի մա՞րզը։ Չէ՞ - որ Երասխից մինչև Երևան, արագ ընթացքով, ընդամենը, 20 րոպեի ճանապարհ է… Ի՞նչ են անում սրանք…Այս ամենն, ուղղակի, դեմ է ռազմական գիտության բոլոր օրենքներին, սա ռազմական հանցագործություն է։ Մյուս կողմից, եթե 44 օրյա ակնհայտ դավաճանական և դավադիր պատերազմից հետո, Հայաստանում գտնվեցին մարդիկ, ովքեր իրենց ընտրությամբ նորից իշխանության բերեցին այս մարդկանց խմբին, գուցե հենց այս Հայաստանն են նրանք երազել….»։
Նորատ Տեր – Գրիգորյանցը զգուշացնում է՝ ադրբեջանական Զինված ուժերն, անկասկած, իրենց առաջ դրված ռազմական խնդիր ունեն՝ հարձակում իրականացնել Հայաստանի Հանրապետության սահմանների ուղղությամբ.«Նայեք Արցախում ադրբեջանական կողմի ցուցաբերած վարքին և արեք ձեր հետևությունները՝ նրանք, նույնիսկ, հաշվի չեն առնում, որ իրենց ու արցախցիների միջև խաղաղապահ ծառայություն իրականացնող զորք է կանգնած։ Ո՞ր դեպքում սա կարող էր տեղի ունենալ՝ միայն և բացառապես այն պարագայում, երբ Հայաստանի իշխանություններն իրենց հենց այսպես դրսևորեին՝ ստոր, դավաճանական վարքով։ Ադրբեջանը հենց սրան էլ սպասում էր։ Այս ամենը դեռ քիչ է, մի բան էլ Հայաստանի իշխանությունները մեջքից հարվածներ են հասցնում Ռուսաստանի Դաշնությանը։ Հասկանո՞ւմ եք՝ սա, պարզապես, բոլոր տեսակի բանական ընկալումներից դուրս է՝ հայկական Զինված ուժերի ուղեղը՝ Գլխավոր շտաբը գլխատված է, մի՞թե սա թուրքական երազանք չէ… Ո՞վ կարող է ինձ համոզել, որ սա հատուկ չի արվում։ Չէ՞ որ ես 44 օրյա պատերազմի առաջին իսկ օրերից անմիջապես առաջարկեցի իմ մասնագիտական օգնությունը, բայց ինձ մերժեցին, որովհետև վախեցան, որ ես իրենց նախապես մշակված պլանները կխախտեմ… Ինչի՞ մասին է խոսքը։ Հիմա էլ արդեն երկրորդ օրն է՝ Երևանից ինձ անդադար զանգահարում են մարտական ընկերներս, ես տեղյակ եմ, թե ինչ է կատարվում այստեղ, սակայն, ցավոք, ոչինչ չեմ կարողանում անել, ոչինչ…Սա ցավալի ողբերգություն է»,- ասում է գեներալ – լեյտենանտը։