Aravot.am-ը գրում է.

«Կուլիսային որեւէ գործընթաց չկա, այն ամբողջապես հրապարակային է։ Ադրբեջանի հինգ կետանոց առաջարկների հրապարակումից հետո ՀՀ-ի դիրքորոշումն արտահայտվել է։ Պատասխանները սպառիչ են տրվել։ Բացառվում է, որ կուլիսային գործընթաց լինի»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքին։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ գործընթացը շաղկապվա՞ծ է Ասկերանում Ադրբեջանի առաջխաղացման հետ։ Հիշեցնենք, որ Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղից դեպի Քարագլուխ ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի հատվածներում դիրքավորվել են․ հայկական կողմում կան վիրավորներ։

Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց, որ կապ կա․ «Երբ ԱԳ նախարարը հանդես եկավ հայտարարությամբ, նույն օրը երեկոյան՝ մարտի քսանմեկին, ադրբեջանական կողմը փակեց գազամատակարարումը։ Սա խոսուն օրինակ է առ այն, որ խաղաղության օրակարգը, որի սպասարկմանը միտված է ՀՀ իշխանության աշխատանքը, չի կիսվում Ադրբեջանի կողմից գործնականում, թեեւ հրապարակային խոսույթում Ադրբեջանը միջազգային հանրության առաջ ներկայանում է որպես խաղաղության հաստատման ջատագով։ Իսկ գործնականում տեսնում ենք հակառակ գործողություններ, ուստի կապը շատ ուղիղ է»։

Նկատառմանն ի պատասխան, որ այդ դեպքում ՀՀ իշխանությունն ինչո՞ւ է պնդում խաղաղության օրակարգը, Էդուարդ Աղաջանյանը նշեց․ «Կարծում եմ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում բավականին խորքային անդրադարձավ այս հարցին ու դրա խորքային պատճառներին։ Խնդիրը հետեւյալն է։ Խաղաղության օրակարգն այն օրակարգն է, որը մեր համոզմամբ բխում է ՀՀ-ի եւ ՀՀ ժողովրդի շահերից։ Սա հաստատվել է վերջին ԱԺ ընտրությունների արդյունքում քաղաքացիների մեծամասնության կողմից։ Մեր կարեւոր առաքելությունն այս պահին որեւէ պարագայում այդ օրակարգից չշեղվելն է, որովհետեւ կատարվողը որպես սադրանք ենք որակում։ Այդ գործողությունները միտված են արժեզրկելու խաղաղության օրակարգը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել