Hartak.am-ը գրում է.

Քաղաքը «զիզի պիզի» բաներով գեղեցկացնելու համար գումար կա, իսկ ազատամարտիկների համար չկա՞: Հարգելի ընթերցողներ, երբ կարդում էի Շուշիի և Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի / կամ, ինչպես շատերին նա հայտնի է Կոմանդոսի/ լրագրողներին տված վերջին հարցազրույցը, ինձ վրա մեծ տպավորություն թողեց նրա պատասխաններից մեկը, որը կցանկանայի ներկայացնել Ձեզ.

«Դե, մեր պետությունն ամեն ինչի համար փող ունի, ազատամարտիկների համար չունի, նրանք,ովքեր ավելի ունևոր են, գծեր ունեն, մեր պետությունը ոնց որ իրենց մասին ավելի է մտածում: Ազատամարտիկներին գովում են, մի երկու հատ մեդալ ու պատվոգիր են տալիս, դրանով իրենց թվում է, թե մեծ գործ են անում: Մարդիկ, ովքեր ստեղծեցին այս պետությունը, անկախ պետության հիմքը դրեցին, այսօր անտեսված են…»:

Սա, հիրավի, այնպիսի պատասխան էր, որ կարելի է այստեղ հանգիստ օգտագործել «no comment» արտահայտությունը: Վերոհիշյալ հարցազրույցը կարդալուց հետո որոշեցի մի քիչ քաղաքով զբոսնել և առաջինը, ինչ աչքովս ընկավ, դա բակերի դալանների գունազարդված նկարներն էին: Նայում էի այդ նկարներին և նորից վերհիշում Կոմանդոսի բառերը` «Դե, մեր պետությունն ամեն ինչի համար փող ունի…»:

 Ես քաջ գիտակցում եմ, որ հիմա այս տողերս կարդացողներից ոմանք կընդդիմանան և կասեն`«ինչ ես ընկել մանրուքների հետևից», մոռանալով, որ հենց մանրուքներից է ամեն ինչ սկսվում: Ազատամարտիկներն այսօր ապրելու նվազագույն պայմաններ են պահանջում: Պետք է գիտակցել, որ սա իրենց կողմից արդարացի պահանջ է, որը նրանք ներկայացնում են իրենց երկրին, այն երկրին որին նրանք անմնացորդ ծառայել են: Ծառայել են բարեխղճորեն, անձնուրաց, չխնայելով իրենց սեփական կյանքը: Պետք է հասկանալ, որ սա քաղաքական պահանջ չէ, սա սոցիալական պահանջ է: Սա պետք է լինի պետության գերակա խնդիրներից մեկը, քանզի վերոհիշյալ մարդիկ իրականում այն հենասյունն են, որի վրա կառուցվում է պետականություն հասկացողությունը:

Ինչպես հայտնի է, նրանք օրեր շարունակ նստացույց էին կազմակերպում, սակայն ռեալ հաջողություն դեռևս չեն ունեցել: Հարգելի պետություն, լուծեք այս մարդկանց խնդիրները, անհապաղ լուծեք, չէ՞ որ դրանով մենք մեր ապագա սերունդներին ցույց կտանք, որ այսպիսի մարդիկ չեն անտեսվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել