ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանի մահվան կապակցությամբ.
«Մեծ ցավ ապրեցի՝ լսելով Ալվարդ Պետրոսյանի մահվան գույժը: Մեզնից հեռացավ ժամանակակից հայ արձակի ինքնատիպ դեմքերից մեկը, ով իր ողջ կյանքի ընթացքում երբեք չդավաճանեց ազնիվ ու ճշմարիտ մտավորականի տեսակին, մինչև վերջին պահը ապրեց հարազատ ժողովրդի և պետության հանդեպ անսահման սիրով ու հավատով՝ ցավը սրտում հետևելով իր պաշտելի Հայաստանի ու Արցախի շուրջ վերջին տարիներին տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին:
Ալվարդը իր հետ տարավ մեր ժողովրդի պայքարի, փառապանծ հաղթանակների ու դառը պարտությունների մի ողջ ժամանակաշրջանի անգնահատելի հիշողություններ, որոնք հաճախ դարձել են նրա հրապարակախոսական հոդվածների ու հարցազրույցների թեման:
Ալվարդ Պետրոսյանի հասարակական-քաղաքական գործունեությունը ևս անվերջ պայքար էր հանուն ճշմարտության, գեղեցիկի ու ազնիվի և ընդդեմ արգահատելի, գռեհիկ երևույթների ու դրանց կրողների:
Ժամանակակիցների հիշողության մեջ Ալվարդ Պետրոսյանը կմնա մարդկային բարձր որակներով և առաքինի կեցվածքով արդարամիտ ու շիտակ մտավորական, իսկ ապագա սերունդները նրան կճանաչեն որպես հրաշալի գրող, հայրենիքի հոգսերով մշտապես ապրող հասարակական-քաղաքական գործիչ, իր ժամանակաշրջանի անխոնջ ու անաչառ տարեգիր:
Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի մտավորականի հարազատներին, մերձավորներին, գրչակիցներին և ընթերցողներին:
Հանգչիր խաղաղությամբ, իմ լավ բարեկամ:
Թող այսուհետ լույսերի մեջ ապրի քո ազնիվ հոգին»,- ասված է նախագահ Սարգսյանի ցավակցական ուղերձում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/3rdPresidentofRA/posts/384227120192403
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել