1985թ. դեկտեմբերի 13-ին Օղակաձև զբոսայգու հատվածներից մեկում (այժմ՝ Ս. Գրիգոր Լուսավորչի Մայր եկեղեցու հարևանությամբ) մեծ հանդիսավորությամբ բացվեց ճանաչված սփյուռքահայ քանդակագործ Խորեն Տեր-Հարությանի կերտած «Վերածնված Հայաստան» տուֆակերտ կոթողը, որը արվեստագետն ստեղծել էր Նոր Նորքի գեղատեսիլ անկյուններից մեկում, բացօթյա արվեստանոցում: Կոմպոզիցիան կազմված է երեք ֆիգուրներից` մայրը իր որդու և դստեր հետ, որը խորհրդանշում է ժողովրդի հավերժությունը:
Արձանի հանդիսավոր բացմանը ներածական խոսք ասաց Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ Բ. Վարդանյանը: Այնուհետև խոսք ասացին ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ս. Մուրադյանը (ՀՆՄ վարչության նախագահ), Վ. Ազիզյանը («Նաիրիտ» գիտաարտադրական միավորման բանվոր), գրող Շ. Վարսյանը («Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի բաժնի վարիչ), Հ. Վաչյանը (Գ. Սունդուկյանի 
անվան միջնակարգ դպրոցի տնօրեն), արվեստաբան Վ. Հարությունյանը (ԵԳԹԻ դոցենտ): Վերջում արձանի հեղինակը մասնավորապես նշեց. «..Ապրելով հայրենիքից հեռու, հոգով և գործով միշտ եղել եմ իմ ժողովրդի հետ» («Խորհրդային Հայաստան» 17 դեկտ. 1985):
Արձանի նյութը` Արթիկի կարմրավարդագույն տուֆ է, պատվանդանը բազալտ: Բարձրությունը` 5 մ, քանդակագործ` Խորեն Տեր-Հարության:
Խորեն Տեր-Հարությանը (Տեր-Հարությունյան) (1909-1991) ծնվել է Աշոտավանում (այժմ` Աշվան, Արևմտյան Հայաստան): Մեծ եղեռնի օրերին տեղահանվել է ծննդավայրից։ 1921թ. հանգրվանել է Վուստերում (ԱՄՆ), ուր երկու տարի հաճախել է տեղի թանգարանի Գեղարվեստական կիրակնօրյա դպրոցը: 
Պրոֆեսիոնալ հասունություն է ձեռք բերել հիմնականում ինքնուրույն աշխատանքով: 1929-ից մշտական բնակություն է հաստատել Նյու Յորքում: 1930-1934թթ. Յամայկայում ստեղծել է տեղի բնությանը, բնակիչների կենցաղին նվիրված յուղաներկ և ջրաներկ գործեր:
Նրա ստեղծագործությունների մեջ մեծ տեղ ունեն հայկական թեմաները`
«Սասունցի Դավթի ծնունդը», մարմար, 1950թ.
«Ծովինար», բրոնզ, 1963թ.
«Արարատի գագաթը», մարմար, 1967թ.
«Վարդան Զորավար», բրոնզ, 1963թ.
«Մուսա լեռան 40 օրը», բրոնզ, 1963թ.
«Մեսրոպ Մաշտոց», բրոնզ, 1964թ., Ֆիլադելֆիա
«Սահակ Պարթև», բրոնզ, 1973թ., Ֆիլադելֆիա
Ստեղծել է նաև Մեծ եղեռնին նվիրված բարձրաքանդակների ու գծանկարչական թերթերի շարք: 
Ունեցել է 28 անհատական ցուցահանդես` ԱՄՆ-ում, Անգլիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և այլուր:
«Արարատի արծիվները» քանդակի համար ՔՍՊՈ-1958թ. Բրյուսելի համաշխարհային ցուցահանդեսում շահել է արծաթե մեդալ: 
1983թ. Տեր-Հարությանը Հայաստան է բերել և նվիրել իր 200-ից ավելի քանդակագործական և նկարչական ստեղծագործությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել