Ութ օր չքնած ու բավականին հյուծված Զելենսկին այնուամենայնիվ շատ հետաքրքիր ձիով քայլ արեց երեկ: Կամ ավելի ճիշտ` իրենով քայլ արեցին: Զելենսկին ընդգծեց թուրք-ուկրաինական ամուր ու ջերմ հարաբերությունները և պնդեց, որ Թուրքիան կարող է դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխավորը` դրանով շատ բարդ դրության մեջ դնելով անընդհատ շուստրիություն անող Էրդողանին:
Բանն այն է, որ Էրդողանը, փորձելով միանգամից մի քանի աթոռի վրա տեղավորվել, համ ՆԱՏՕ-ին էր քսմսվում, հայտարարելով, որ սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, համ էլ Պուտինի հետ հարաբերություններն էր ջերմ պահում` Մոսկվայի քայլերն արդարացնելով ու ամենակարևորը՝ չխառնվելով բուն հակամարտությանը:
Քանի որ Մոսկվայի հարձակման պատրվակը Ուկրաինայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու պոտենցիալ հավանականություն էր, Զելենսկին ասում է` թող Թուրքիան երաշխավորի մեր անվտանգությունն ու մենք ՆԱՏՕ մտնելու կարիք չենք ունենա: Ստացվում է, որ եթե Էրդողանն այդ երաշխիքները տա, ուրեմն ռուսներին Ուկրաինայից դուրս հրավիրելը դառնում է իր պրոբլեմը: Եթե Էրդողանը այդ երաշխիքները չտա, նշանակում է, որ իր բոլոր ուկրաինամետ հայտարարությունները բլեֆ են:
Ես վստահ եմ, որ Զելենսկու այդ հայտարարությունը ոտքի վրա առաջացած միտք չէր, քանի որ դրանից անմիջապես հետո Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադն իր պաշտոնական էջով գրեց հետևյալը՝
«Ուկրաինայի մեծ ժողովուրդ, նախագահ Զելենսկի, ձեր արժանապատիվ և գրեթե աննախադեպ դիմադրությունը քողազերծել է մարդկության թշնամիների սատանայական պլանները: Վստահ եղեք, որ Իրանի մեծ ժողովուրդը ձեր կողքին է ու հիանում է ձեր համառությամբ»:
Ահմադինեջադն իհարկե հայտնի է իր էքսցենտրիկ հայտարարություններով, բայց հավաստիացնում եմ ձեզ` Իրանում նման բաներ հանկարծակի տեղի չեն ունենում: Իրանի նախագահ Ռաիսին իր մասով պրոտոկոլային հայտարարություն արեց, առ այն, որ նենգ արևմուտքն է մեղավոր այս պատերազմի մեջ, իսկ Ահմադինեջադի շուրթերով Այաթոլլաները ավելի կոնկրետ մեսիջ են հղում Էրդողանին, որ արխային չընկնի ու իր տեղն իմանան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10165971627795501
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել