Armenpress.am-ը գրում է․
Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձությունները չեն կարող իրենց ազդեցությունը չթողնել Հայաստանի զբոսաշրջության ոլորտի վրա, սակայն դեռ վաղ է կոնկրետ միտումների մասին խոսելը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ ազդեցությունը կարող է տարբեր ձևերով լինել:
«Կարող են Ռուսաստանից դեպի Հայաստան հոսքերը կտրուկ աճել: Պայմանավորված տարբեր ուղղություններով ճանապարհների փակ լինելով՝ հնարավոր է, որ Հայաստանը լինի այլընտրանք»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:
Մյուս կողմից չի կարող իր բացասական ազդեցությունը չթողնել ռուսական ռուբլու արժեզրկումը: Մեխակ Ապրեսյանի խոսքով, այն կարող է շատ մեծ զսպող գործոն լինել, որովհետև մարդկանց գնողունակությունն ընկնում է և ճանապարհորդելու հնարավորությունը սահմանափակվում է:
«Ֆինանսականից բացի, ծանր իրավիճակով պայմանավորված ,ցանկությունը մեծ չի լինում ճանապարհորդելու: Դրա համար, քանի որ այս իրավիճակը նոր է, դժվար է կոնկրետ միտումների մասին խոսել, մեկ շաբաթ հետո պարզ կլինեն որոշ հարցեր: Առայժմ չեն նկատվում միտումներ ակտիվության հետ կապված: Առայժմ չեն նկատվում նաև տոտալ չեղարկումներ: Ամեն դեպքում մենք պետք է պատրաստ լինենք և՛ արձագանքենք ստեղծված իրավիճակին, և՛ շարունակենք մեր գործն անել: Չէ՞ որ միշտ էլ աշխարհի տարբեր երկրներից Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:
Նա նկատեց, որ Հայաստանի նկատմամբ մեծ հետաքրքրություն ունեցող երկրներից է Ռուսաստանը: Այն դեռ շարունակում է լինել առաջատար երկրներից Հայաստան ընդհանուր այցելությունների կառուցվածքում: Ռուս զբոսաշրջիկները մշտապես իրենց լավ են զգացել Հայաստանում և հեռացել են իրենց սպասելիքներն արդարացրած:
«Պետք է կարողանալ գրավել զբոսաշրջիկներին ոչ միայն Ռուսաստանից, այլև այլ երկրներից: Այդ ուղղությամբ անելիքները շատ են: Շարունակենք միջազգային նշանակության միջոցառումներ կազմակերպել, փառատոնային տուրիզմին զարկ տանք: Օտարերկրացին ինքն է խոսում, որ Հայաստանը ցանկալի, հուսալի զբոսաշրջային վայր է: Քովիդից հետո աշխարհի երկրներն ամեն ինչ անում են նոր ձևավորվող շուկայում իրենց տեղը պահպանելու, քայլ առաջ գնալու, ավելի լավ դիրքավորվելու համար»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:
«Ապագա տուր» ընկերության համահիմնադիր Արտակ Չիբուխչյանը նշեց, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը բոլոր հնարավորություններն ունի լինելու այլընտրանք զբոսաշրջիկների համար: Նա ընդգծեց, որ դա կախված է ինչպես մասնավոր սեկտորից, այնպես էլ պետության քաղաքականությունից:
«Պետք է ակտիվ լինենք, բազմազան փաթեթներ ներկայացնենք: Ընդգծենք մեր երկրի հուսալիությունը: Մեր հանգստավայրերում հաճախ է եղել, որ մեկ խարույկի շուրջ նստած են եղել Պաղեստինի, Իսրայելի, Իրանի, արաբական տարբեր երկրների քաղաքացիներ: Իրենք էլ են զարմացել, որ միմյանց հետ նստած զրուցում են ու կռիվ չկա: Սա հայկական միջավայր է, և մենք պետք է դա ընդգծենք»,-ասաց ընկերության համահիմնադիրը:
Ինչ վերաբերում է տուրիստական հոսքերի վրա ազդեցությանը, ապա Արտակ Չիբուխչյանը նշեց, որ իրենք չեղարկումներ չունեն, կարելի է ասել հետաքրքրությունը մի փոքր ավելացել է: Շատերն են հարմար վայր փնտրում ստեղծված իրավիճակից հանգստանալու համար: Նա մեկ անգամ ևս ընդգծեց, որ Հայաստանում թե մասնավոր, թե պետական հատվածը պետք է ակտիվ լինի:



