Hayeli.am-ը գրում է.
Հայրենի իշխանությունները իրենց վարած սոցիալ-տնտեսական ապաշնորհ քաղաքականությամբ շատ հետևողականորեն հյութաքամ արեցին հայ մարդու բոլոր տեսակի հեղուկներն ու բջիջները: Հիմա արդեն վաճառելու կամ տալու բան ո՛չ կենսունակ տղամարդիկ, ո՛չ էլ կանայք առանձնապես չունեն: Բնությունից ստացած միակ հարստությունը, որի բացառիկ տնօրինողը մինչ այս պահը քաղաքացին ինքն էր, և որով հատկապես վերջին տարիներին մոդայիկ է դարձել փող աշխատելը, դա սեռաբջիջների վաճառքն էր: Խոսքը վերաբերում է սերմնահեղուկի դոնոր հանդիսացող տղամարդկանց ու այն կանանց, ովքեր, սուրոգատ մայր դառնալով, գումար են աշխատում՝ միաժամանակ նպաստելով, որ բազմաթիվ ընտանիքներում լուծում ստանա վերարտադրողականության խնդիրը:
Կառավարությունը իր վերջին նիստում հաստատել է վերարտադրողականության դոնորների, ինչպես նաև վերարտադրողականության դոնոր չհանդիսացող քաղաքացիների կողմից սեռաբջիջների տրամադրման և սաղմի պահպանման կարգն ու պայմանները: Ըստ այդմ՝ սերմի դոնոր կարող են դառնալ 18-35 տարեկան բեղմնունակ սերմ ունեցող տղամարդիկ, ովքեր կամավորության սկզբունքով ենթարկվում են բժշկագենետիկական հետազոտման, և արդյունքում ժխտվում են դոնոր լինելու բժշկական հակացուցումները: Սերմնաբջջի դոնորը կարող է լինել հայտնի կամ անհայտ այն անձը, ով համաձայնում է պարբերաբար հանձնել սերմ: Ակտիվ դոնորությունը թույլատրվում է 3 տարվանից ոչ ավելի, իսկ սերմի հանձնումը՝ ամսական 3 անգամվանից ոչ ավելի։ Իսկ ձվաբջիջների դոնոր կարող են դառնալ 18-35 տարեկան, կանոնավոր դաշտանային ֆունկցիա ունեցող կանայք, ովքեր կամավորության սկզբունքով ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտման, և արդյունքում ժխտվել են դոնոր լինելու բժշկական հակացուցումները:
Կառավարության նույն որոշման մեջ նշված է. «Դոնորն իր բեղմնունակ սերմը կամ ձվաբջիջը տրամադրելու համար կարող է ստանալ դրամական հատուցում` համապատասխան բժշկական կազմակերպության կամ սեռաբջիջն օգտագործող անձի կամ անձանց կողմից` նախապես կնքված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված պայմանագրի համաձայն»: Ինչպես հայտնի է, պայմանագրային հարաբերություններ հաստատելու դեպքում պետությունն անպայման հարկային գանձումներ է կատարում, գոնե եկամտահարկ անպայման գանձվում է: Բնականաբար, օրենքի այս պահանջը կտարածվի նաև սերմնահեղուկի կամ ձվաբջջի դոնորների վրա: Ստացվում է, որ պետությունը հարկ է դրել, հազար ներողություն արտահայտության համար, մարդկանց սեռական օրգանների ու դրանցում առկա կենսական հեղուկի վրա:
Նախագիծը կառավարությունում ներկայացնող առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, անշուշտ տեղյակ է՝ սերմնաբջջի և ձվաբջջի դոնորությունը աղողջապահության ոլորտի ամենաեկամտաբեր բիզնեսներից է, ուստի պետությունը որոշել է այս մարդկանց կենսական հեղուկները ևս ծառայեցնել բյուջեն լցնելու «սուրբ գործին»:
Դե արի ու մի ասա՝ էլ ուրիշ բան չունե՞ք հարկելու: Ձեր ի՞նչ գործ՝ ես եմ, իմ սերմը՝ ինչ կուզեմ, կանեմ:
Ի դեպ, ֆեյսբուքում վերջերս մի անեկդոտ էր քննարկվում. երիտասարդն ուզում է ամուսնանալ, բայց չի համարձակվում դա անել, քանի որ վախենում է, թե նախագահի հայտնի մերձավորը «փայ» կմտնի: Խնդրեմ՝ անեկդոտը դարձել է իրողություն՝ «փայ մտնելն» ուրիշ ո՞նց է լինում:
Դավիթ Մանուկյան