Պետք չէ ինքնախաբեության գիրկն ընկնել, դա միշտ եղել է մեր պրոբլեմների հիմնական պատճառը: Շատերիդ մոտ եմ տեսել բոցաշունչ գրառումներ առ այն, որ մենք մի ամբողջ 44 օր դիմացանք, իսկ Ուկրաինան մի քանի ժամ, ինչը իհարկե հիմնովին սխալ պատկերացում է` թե մեր, թե Ուկրաինայի մասին: Սա նաև ցույց է տալիս, որ պատերազմից մեկ ու կես տարի անց մեր հանրությունը գաղափար չունի, թե ինչ է տեղի ունեցել:
Մի կողմ դնենք այն փաստը, որ Արցախի ռելիեֆը, փոքր տարածությունը ու էշելոնավորված պաշտպանական գծերը անհամադրելի են ուկրաինականի հետ: Մենք պահում էինք մոտ 500 կիլոմետրանոց շփման գիծ, որը ամբողջովին խրամատավորված էր և 30 տարի է պատերազմական վիճակում էր: Ուկրաինայի շփման գիծը 5 ՀԱԶԱՐ կիլոմետր է ու հիմնականում չունի նույնիսկ փշալար, ուր մնաց խրամատներ ունենա: Տարբեր են նաև հարձակվող կողմերը, մի դեպքում մարտունակությամբ աշխարհի առաջատար բանակներից մեկն է, մյուս դեպքում Ադրբեջանն էր...
Մեր և ուկրաինական պատերազմի մեջ միակ գործոնը, որով Ուկրաինան առավելություն ունի մեր նկատմամաբ, դա իրենց դաշնակիցներն են: Մեր դաշնակիցը մեզ չէր մատակարարում նույնիսկ այն ՀՕՊ միջոցները, որ դեռ Սերժ Սարգսյանն էր գնել, իսկ այն, ինչ մատակարարում էին, քիչ էր ու չէր աշխատում, մինչդեռ Ուկրաինան անդադար մատակարարվում է նորագույն միջոցներով ու աներևակայելի քաղաքական աջակցություն ունի, որը ծնկի բերեց ռուսական տնտեսությունը:
Այնուամենայնիվ ես վստահ կարող եմ ասել, որ Ուկրաինա պետությունն ավելի ամուր դրսևորեց իրեն, քան հայկական պետությունները ու ցավը հենց սրանում է կայանում: Բոլոր խնդիրներով հանդերձ մեր զինվորները իրենց փայլուն դրսևորեցին, ինչը չի կարելի ասել գեներալիտետի ու պետական վարչակազմի մասին: Ուկրաինան ստեղ է հաղթել, իրենց հաջողվեց բավարար չափով մաքրել համակարգը գործակալներից:
Ուկրաինան արդեն 7րդ օրն է, ինչ մարտնչում է միջուկային գերտերության դեմ, բայց չկա գեթ մեկ նշանակալի քաղաք, որ հանձնված լինի այնպես, ինչպես Հադրութն է հանձնվել (Շուշիի մասին առհասարակ լռում եմ): Ես խիստ կասկածում եմ, որ Ուկրաինայի գենշտաբի պետը 4րդ օրը Զելենսկուն ասած լինի, որ պատերազմը պարտված է: Չեմ կարծում նաև, որ ուկրաինական գեներալները հիմա համոզում են Զելենսկուն ստորագրել կապիտույացիան, թեպետ նրանք շատ ավելի բարդ վիճակում են, քան մենք էինք:
Ավելին, ռուսների հետ բանակցությունների մեկնած ուկրաինացիք պահանջում են դուրս բերել ռուսական զորքերը Դոնբասից ու Ղրիմից: Մինչդեռ մեր գեներալները համոզում էին ստորագրել կապիտուլյացիան ու ստորագրելուց հետո սալյուտ էին խփում: Չեմ տեսնում ես նաև ուկրաինական նշանակալի ընդդիմադիրներից գեթ մեկին, ով հիմա պաշարված Կիևում չէ, մինչդեռ մեր ընդդիմադիրները կորոնավիրուս էին ընկնում, որ Մոսկվա չգնան...
Կարծում եմ այս ամենում գլխավոր գործոնն այն է, որ իրենց Յանուկովիչը փախել է Ուկրաինայից ու երբեք չի վերդառնա, իսկ մեր «Յանուկովիչը» ոչ միայն վերադարձել է, այլ հլը մի բան էլ համար մեկ «ընդդիմադիրն» է: Ու այն փաստը, որ մեր քաղաքական ու ռազմական ղեկավարությունը դավաճան սրիկաներ էին չի ազատում մեր ազգին այդ սրիկաների համար պատասխանատվությունից: Էնպես որ մենք հպարտանալու բան չունենք: Ուկրաինան հաղթելու իրական շանսեր ունի, իսկ մենք պարտված էինք 1998-ից սկսած անկախ նրանից, թե 44 օր կմարտնչեինք, թե` 400...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10165963060905501
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել