Ռուսաստանի կողմից Դոնբասի ճանաչման առիթով Ռուսաստանի նախագահի ՛՛ազգին ուղղված՛՛ դիմումում կան հատվածներ, որոնք հետաքրքիր են Պուտինի աշխարհայացքային ընկալումները, նաև Ուկրաինայի կոնցեպտուալ քաղաքական սխալները հասկանալու առումով:
Իրոք, Ուկրաինան ստեղծվել է Ռուսական հեղափոխությունից հետո, լենինյան ազգային քաղաքականության թեզերի շնորհիվ, նաև այդ ժամանակ են գծվել ժամանակակից Ուկրաինայի սահմանները, որը հետագայում ճանաչել է միջազգային հանրությունը:
Երկրորդ աշխարհամարտից հետո Ուկրաինային կցվեցին Լեհաստանից Ռումինիայից, Սլովակիայից բռնազավթված տարածքներ: Դա պատերազմում հաղթող երկրի՝ Սովետական Միության ՛՛ավարն՛՛ էր:
Անկախությունից ի վեր Ուկրաինայում պետական արշավ էր սկսվել սովետական ժառանգության դեմ՝ ավերվում էին կոմունիստական հուշարձանները, նաև երկրորդ աշխարհամարտի հրամանատարների արձանները: Դա Ուկրաինայի ժողովրդի կամքն է ու ցանկությունը և ոչ ոք չի կարող նրանց ցուցանել, թե իրենց համար ինչն է ճիշտ, ինչը սխալ: Սակայն դելեգիտիմացնելով կոմունիստական հեղափոխության ու սովետական ժամանաշրջանը, փաստորեն հարցականի տակ է դրվում նաև Ուկրաինայի ներկայիս սահմանների լեգիտիմությունը:
Սա է հիմնական խնդիրը, որի առջև հայտնվել է Ուկրաինան: Ի դեպ, հարևան Բելառուսում ճիշտ հակառակ քաղաքականությունն է տարվում:
Ուկրաինական քեյսը կարևոր է նաև նախկին սովետական հանրապետությունների համար: Նմանատիպ տրամադրություններ կան նաև Հայաստանում: Որպես զարգացման այլ տարբերակ կարելի է նշել նաև առանց անցյալի դեմ պատերազմի նոր երկիր ու նոր քաղաքականություն վարելու հնարավորությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել