Pastinfo.am-ը գրում է.

Այսօր՝ փետրվարի 12-ին, Հայաստանում նշվում է սիրո հովանավոր Սուրբ Սարգսի տոնը, որը Հայ Առաքելական եկեղեցու կողմից ընդունված տոներից է: Օրը կոչված է Սուրբ Սարգիս զորավարի անունով, որը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը:

Տոնի առթիվ հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվում է երիտասարդների օրհնության կարգ։

Բացի այս, կա հետաքրքիր ավանդույթ՝ Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:

Ընդունված է եղել նաև տան տանիքին կամ պատշգամբում ալյուր դնել և սպասել, թե երբ Ս. Սարգիսը կթողնի իր ձիու պայտի հետքը։ Ըստ ավանդույթի՝ այն մարդը, ում ափսեում շաղ տված ալյուրի միջով կանցնի Սուրբը, սպասվում է մեծ հաջողություն։

Երիտասարդներից ոմանք, սակայն, հակված են սիրո տոնը նշել փետրվարի 14-ին ՝ Վալենտինի օրը, որն առավել ընդունված է Արևմուտքում:
«Փաստինֆո»-ն փորձել է շրջել Երևանի փողոցներում և պարզել՝ ինչպե՞ս են Հայաստանում երիտասարդները նշում Սուրբ Սարգսի տոնը, ինչ խորհուրդ ունի տոնն իրենց համար և ի վերջո՝ ո՞ր տոնն են նախընտրում Սուրբ Սարգիս, թե Վալենտին:

«Սուրբ Սարգսի տոնը մեծ խորհուրդ ունի, սիրո մասին է: Ըստ ավանդույթի՝ տոնի նախորդող գիշերը երիտասարդները աղի բլիթ են ուտում, երազ են տեսնում, սրանք հայկական ավանդույթներ են , որոնք պետք է պահպանել»,-ասաց հարցման մասնակիցներից մեկը:

Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ թեև սիրում է Սուրբ Սարգսի տոնը, բայց նախընտրում է սիրո տոնը նշել փետրվարի 14-ին՝ Վալենտինի օրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել