ԱՄՆ հատուկ ծառայությունները Սիրիայի Իդլիբ նահանգում իրականացրել են վերջին 2 տարվա ընթացքում ամենալուրջ գործողությունն իսլամական ֆունդամենտալիստների դեմ։ Ինչպես հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Իբրահիմ Ալ-Հաշիմի ալ-Քուրեյշիին՝ «շնորհիվ ամերիկյան զինված ուժերի հմտության և խիզախության»։ Այս մասին հաղորդում է BBC-ն:

Ալ-Քուրեյշին «Իսլամական պետության» խալիֆ էր հայտարարվել 2019 թվականի աշնանը՝ Աբուբաքր ալ-Բաղդադիի մահվանից անմիջապես հետո, որը նույնպես սպանվել էր ամերիկացիների կողմից։

Լրատվամիջոցը հաղորդում է, որ ալ-Քուրեյշին ռումբ է պայթեցրել, որը սպանել է իրեն և իր ընտանիքի անդամներին։ Ընդհանուր առմամբ, սպանվել է 13 մարդ։ Ըստ «Սպիտակ սաղավարտ» կազմակերպության՝ սպանվել է վեց երեխա և 4 կին։ Մարդու իրավունքների սիրիական դիտարանը հաղորդում է, որ 13 զոհերի մեջ եղել է 4 երեխա և 3 կին։ 1 վիրավոր աղջիկ, որի ընտանիքի անդամները սպանվել են գործողության ընթացքում, տեղափոխվել է հիվանդանոց։ Հոսպիտալացվել է նաև մեկ տղամարդ, ով մոտեցել է շենքին, որպեսզի տեսնի, թե ինչ է կատարվում։

Լրատվամիջոցը հավելում է, որ հինգշաբթի կեսգիշերին ամերիկյան ուղղաթիռները վայրէջք են կատարել Թուրքիայի հետ սահմանակից Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգի Աթմեհ քաղաքի արվարձաններում, որը գտնվում է ընդդիմադիրների վերահսկողության տակ։ Ամերիկյան ուժերը դիմադրության են հանդիպել, հրաձգության են ենթարկվել մեքենաների վրա տեղադրված հակաօդային զենքերով։

Ջո Բայդենը հայտարարել է, որ գործողության մեջ ներգրավված բոլոր ամերիկացիներն ապահով վերադարձել են։

Սպիտակ տունը լուսանկար է հրապարակել, որում նախագահ Բայդենը, Փոխնապագահ Հարիսը և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խմբի անդամները հետևում են հակաահաբեկչական գործողությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել