168.am-ը գրում է․
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի գլխավոր ուղերձն այն էր, որ հանրության այն հատվածը, որը համարում է, որ Արցախը հայկական է, պետք է կոնսոլիդացվի և փորձի երկրի այսօրվա իշխանությունների քաղաքական կուրսը փոխի, դնի այն ծիրի մեջ, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի մաս:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արցախյան բանակցային գործընթացի վերաբերյալ հարցազրույցի ընթացքում ընդգծեց՝ եկել է, որպեսզի նորից հայտարարի՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Երրորդ նախագահը վստահ է, որ չնայած կործանարար պատերազմին, չնայած կապիտուլյացիային, դրա համար դեռևս կան հնարավորություններ:
Վիգեն Հակոբյանն ընդգծեց. «Ամենացավալին այն է, որ ընդամենը 2-3 տարի առաջ նույնիսկ այդ արտահայտությունը չէր կարող լինել, այսինքն՝ հանրության այն մասը, որը համարում է Արցախը հայկական. Հիմա այնպիսի վիճակի ենք հասել, որ արդեն հանրությանը բաժանում ենք այն մասի, որն Արցախը համարում է հայկական, և հանրության այն մասը, որը վաղուց Արցախը համարում է ոչ հայկական՝ երկրի ղեկավարության գլխավորությամբ»:
Վիգեն Հակոբյանի գնահատմամբ՝ հաջորդ գլխավոր մեսիջն այն էր, որ, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսներում բերված փաստարկները, որոնց գլխավոր նպատակն էր՝ հանրությանը համոզել, որ ծանր ժառանգություն է ստացել, և անխուսափելի էր պարտությունը, Սերժ Սարգսյանը փորձեց ժամանակագրական եղանակով ապացուցել, որ ժառանգությունն այնքան ծանր չէր, ինչպես ներկայացվում է:
«Այս երկու հիմնական մեսիջն էր, այսինքն՝ Սերժ Սարգսյանը փորձեց ցույց տալ, որ ժառանգությունը մինիմում կրիտիկական չէր, որպեսզի դա բերեր պատերազմի պարտությանը և կապիտուլյացիային, երկրորդ՝ շանս կա կոնսոլիդացիայի միջոցով, առողջ ուժերի միջոցով, Արցախը հայկական համարողների միջոցով փորձել կոնսոլիդացվել և ստիպել այսօրվա իշխանություններին՝ իրենց քաղաքական կուրսը փոխել: Դրանից բխում է նաև այն ակնարկը, որ, եթե դա չի հաջողվում, ապա ճանապարհը մեկն է մնում՝ փոխել իշխանությանը»:



