Armlur.am-ը գրում է․

Արմեն Սարգսյանի լիազորությունները Հայաստանի նախագահի պաշտոնում դադարեցին։ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանն ստորագրել է համապատասխան արձանագրությունը։

«Հիմք ընդունելով Հանրապետության նախագահի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 142-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները», – ասված է ԱԺ լրատվականի այսօր հրապարակած արձանագրությունում։

Ինչպես հայտնի է, ըստ ՀՀ Սահմանադրության, ՀՀ նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը: Եվ ըստ այդմ, Ազգային ժողովի տարածած հայտարարության համաձայն՝ ՀՀ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրության հրապարակման պահից մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կկատարի ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

Կրկին ՀՀ Սահմանադրության համաձայն, ՀՀ նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում՝ նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է նախագահի արտահերթ ընտրություն: Եվ ըստ հաշվարկների, չի բացառվում, որ նախագահի ընտրությունը կարող է տեղի ունենալ փետրվարի 25-ից սկսած տասն օրվա ընթացքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել