«Զանգեզուրի միջանցք» հորջորջվող թուրք-ադրբեջանական նախագծի իրականացման հարցում Բաքվի քաղաքական մարտավարությունը գրեթե նույնն է, ինչ արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Այն ենթադրում է հետևյալ մարտավարական քայլերի տրամաբանությունը՝
1. Իմիտացիոն կեցվածք և մասնակցություն «տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման գործընթացին», բայց վճռորոշ պահին վերջնական պայմանավորվածության ձախողում, ինչպես տեղի ունեցավ նոյեմբերի 26-ի եռակողմ հանդիպումից և տարածված հայտարարությունից հետո։ Արցախյան կարգավորման գործընթացում Ադրբեջանի վարքագծի նմանատիպ վառ օրինակ էր 2011 թ. Կազանում ԱՀ, ՀՀ, ՌԴ նախագահների հանդիպումն ու նախատեսված պայմանավորվածությունը։
2. Գործընթացի ողջ ընթացքում քաղաքական գործիքակազմին զուգահեռ ուժի և ուժի կիրառման սպառնալիքի գործադրում։ Այս դրույթին ևս պարբերաբար ականատես ենք լինում անցած 1 տարվա ընթացքում։ Ամենավերջինը՝ նոյեմբերի 16-ի ագրեսիան է և «Զանգեզուրի միջանցքի» թեմայով Իլհամ Ալիևի վերջին բարբաջանքները՝ հայկական կողմից միջանցքի բացման հստակ ժամկետի ակնկալման պահանջով։
3. Պատերազմում հաղթանակից հետո ադրբեջանական կողմի նման մարտավարությունը հաշվարկված է նաև որպես հայ հասարակության վրա հոգեբանական ներազդման գործիք՝ նոր պատերազմի սպառնալիքի հնարավորության շեշտադրմամբ։
4. Կրկին խաղի մեջ է մտցնում ավագ եղբորը՝ Թուրքիային։
Վերոնշյալի համատեքստում Երևանին անհրաժեշտ է մշակել նաև բանակցային գործընթացից դուրս(որն ընթանում է կապուղիների ապաշրջափակման ուղղությամբ՝ ոչ միջանցքային տրամաբանությամբ) Բաքվի գործողությունները կանխելու մեխանիզմներ և՛ միջազգային կառույցներում, և՛ գործընկերների հետ քննարկումներում, և՛ Ադրբեջանի ներսում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=4553740864663092&id=100000816702872
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել