«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի ունեցած տեղեկություններով, լուրջ դժգոհություններ են հասունանում իշխող թիմի շարքերում, ընդ որում՝ խոսքը ոչ միայն շարքային կազմի մասին է, ուր դժգոհություններն ու մտահոգությունները տևական ժամանակ առկա են, այլ նաև, այսպես կոչված, «միջին օղակներում»:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ դժգոհությունները հատկապես կապված են նրա հետ, որ այն, ինչ կատարվում է իրենց թիմում, շատ անարդար է: Բանն այն է, որ, շատ քպականների կարծիքով, «վերին» օղակները լիարժեք վայելում են կյանքը, մինչև «յոթ պորտ» ապահովվում են, «փայ են մտնում» շահութաբեր ոլորտներում, մենաշնորհներ են հաստատում, այնինչ իրենց «փշրանքներ» են շպրտում, ասենք, պարգևավճարների տեսքով:
Մեր զրուցակիցներից մեկն ասում էր, որ դժգոհողները նշում են, թե հանրության թուքումուրն իրենք են ուտում, Նիկոլ Փաշինյանի համար ամենօրյա ռեժիմով «դոշ են տալիս», բայց արդյունքում, կարելի է ասել, բան չեն ստանում: Ըստ տեղեկությունների, ներսում ակնարկներ կան «ընդհանուր կաթսայի» անհրաժեշտության ու թիմում «սոցիալական արդարության» ապահովման հետ կապված»: