Pastinfo.am-ը գրում է.

Օգոստոսին մարտական հենակետում երեք հայ զինծառայողի աղմկահարույց սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով տուժող կողմը կասկածներ ունի, որ քրեական գործով օբյեկտիվ քննություն չի իրականացվում։ Զինծառայող Մուրադ Մուրադյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում որոշակի մանրամասներ հայտնեց քրեական գործի ընթացքի մասին՝ կասկածներ հայտնելով քննության օբյեկտիվության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել էր երեք զինծառայողի դի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներով։ Հարուցված քրեական գործով նախ ձերբակալվել, ապա կալանավորվել է զինծառայողների համածառայակիցը։ ՔԿ-ն օգոստոսի 23-ին պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ զինծառայողների սպանության գործով ձերբակալվել է նաև դիրքի ավագը՝ զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելու և ծառայակցի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով։ Նախաքննության մոտ կանգնած մեր աղբյուրները դեռևս այդ ժամանակ հայտնել էին, որ սեռական բռնություն գործադրվել է այն զինվորի նկատմամբ, որը կալանավորվել էր երեք համածառայակցի սպանության մեղադրանքով։ Նկատենք, որ սպանության մեջ մեղադրվող զինվորը բանակ էր զորակոչվել այս տարի՝ փետրվարին, այսինքն՝ ընդամենը մի քանի ամսվա զինծառայող էր։

Այս պահի դրությամբ մեղադրյալի կարգավիճակում են միայն դիրքի արդեն նախկին ավագը և վերջիններիս համածառայակիցը, որոնք կալանավորված են։

Մուրադ Մուրադյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ քրեական գործով որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ է ներգրավվել նոյեմբերի 16-ին, մինչդեռ դեռևս նոյեմբերի 9-ին դիմում էր ներկայացրել և միջնորդել, որ իրեն տրամադրել տուժող կողմին հասանելիք փաստաթղթերը, որոնք, սակայն, պատշաճ կարգով չեն տրամադրել։ Սարգսյանը գտնում է, որ քննիչը շահագրգռված է գործի ելքով, քանի որ տուժող կողմից թաքցնում էր քրեական գործի հասանելի փաստաթղթերը, ինչի կապակցությամբ էլ բացարկ է հայտնել քննիչին, ինչը մերժվել է։ Բացի այդ՝ փաստաբան Հայարփի Սարգսյանը պնդում է, որ իր վստահորդին որպես տուժողի իրավահաջորդ չէին ճանաչել, այլ՝ որպես օրինական ներկայացուցիչ։

«Երբ քննիչին հարց ուղղեցի, բորբոքվեց, իսկ վստահորդիս հարցի դեպքում արդեն ձայնը բարձրացրեց նրա վրա, իսկ երբ միջամտեցի՝ ի պաշտպանություն վստահորդիս, սկսեց նաեւ ինձ կոպտել։ Այդ մասով բողոք եմ ներկայացրել։ Առայժմ միայն ՀՀ փաստաբանների պալատն է արձագանքել։

Ակնհայտ է, որ քննիչը տուժողի իրավահաջորդ չէր ճանաչել։ Այդ կերպ վստահորդս զրկվել էր քրեադատավարական իր իրավունքներից»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ մինչ իր ներգրավվումը իր վստահորդին որևէ փաստաթուղթ չի տրամադրվել։

Սարգսյանի փոխանցմամբ՝ նոյեմբերի 16-ին իրեն տրամադրվել է մի քանի որոշում, իսկ ավելի ուշ՝ դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություն։ Դիակների դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները դեռևս առկա չեն, նշանակված է նաև դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն, ինչպես նաև՝ դատանյութագիտական, դատատոքսիկոքիմիական և դատահամակարգչատեխնիկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները ևս չկան, դատագենետիկական փորձաքննություն չի նշանակվել։

Ինչ վերաբերում է դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը, ապա փաստաբանը հայտնեց, որ փորձաքննության են ենթարկվել երկու մեղադրյալները, դիրքում երկու ողջ մնացած զինծառայողները, դիրքի նախկին ավագը, ինչպես նաև հարակից դիրքի ավագը։ Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ մարմնական վնասվածքներ են հայտնաբերվել դիրքում ողջ մնացած զինծառայողներից մեկի և քրեական գործով որպես մեղադրյալ անցնող դիրքի ավագի մոտ։

«Առաջինի դեպքում վնասվածքի վաղեմությունը շուրջ 5 օրվա է, դիրքի ավագինը՝ տարբեր վաղեմության, այդ թվում՝ 1-2 օր։ Առաջինը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող այրվածքի հետք, որը պատճառվել է ծխախոտի պատահական այրոցով. իսկ դիրքի ավագինը՝ ճանկռվածքներ, որոնք ևս թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում՝ 1-4 օրվա վաղեմության»,- հայտնեց Սարգսյանը։

Դիտարկմանը, որ նախնական վարկածներից մեկով՝ սպանության մեջ մեղադրվող երիտասարդը ենթարկվել էր սեռական բնույթի բռնության, փաստաբանը տեղեկացրեց, որ սպանության մեջ մեղադրվողի մարմնի վրա որևէ բռնության հետք, ըստ դատաբժշկի եզրակացության, կամ, առհասարակ, նշված հանգամանքը հաստատող, չի հայտնաբերվել։

Ինչ վերաբերում է դեպքի վայրի զննությանը, ապա, ըստ Սարգսյանի, այդտեղ ևս հետաքրքիր պատկեր է ստեղծվել։

«Դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին որոշման մեջ դեպքի վայրի զննությունից մանրամասներ կան նշված։ Փաստորեն դեպքի վայրը զննել են թե՛ դեպքի օրը՝ օգոստոսի 19-ին, և թե՛ օգոստոսի 20-ին՝ լրացուցիչ զննությամբ։ Օգոստոսի 19-ին դեպքի վայրից առգրավվել են զենքեր, պարկուճներ, գնդակներ, իսկ օգոստոսի 20-ին՝ պահեստատուփեր, կրկին պարկուճներ, որոնք կարող էին և օգոստոսի 19-ին «նկատել»։ Զարմանալի է, թե ինչու են պահեստատուփերը վերցվել հաջորդ օրը, այլ ոչ թե զենքերի հետ միասին»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ գտնում է՝ քրեական գործով օբյեկտիվ քննություն չի իրականացվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել