Ռուսաստանի ներկայիս իշխանության գլխավոր գաղափարախոսներից մեկը` Վլադիսլավ Սուրկովը, երեկ հոդված է հրապարակել, որտեղ արձանագրում է ՌԴ-ում ստեղծված վտանգավոր վիճակը և երկու ելք առաջարկում. մեկը, իր ասելով, վատն է, մյուսը` ոչ լավ, ոչ էլ` վատ, այլ` բնական: Սուրկովի բոլոր հոդվածներն են հետաքրքիր այնպես, ինչպես ցանկացած գերինտելեկտուալի ստեղծագործություն, բայց մեզ համար տվյալ հոդվածը առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ, ըստ ամենայնի, հենց մեր ճակատագրին է վերաբերվում:
Սուրկովը պնդում է, որ Ռուսաստանի կայունության վերջին 20 տարիները ապագայում համարվելու են ոսկե դար, սա իր կարծիքով այն 20 տարին էր, որ չունեցավ Ստոլիպինը` Ռուսական կայսրությունը փրկելու համար: Այնուամենայնիվ, հեղինակը նաև նշում է, որ ՌԴ քաղաքացիները` չուզենալով ընդդիմանալ իշխանությանը, չեն ուզում նաև սատարել վերջիններիս: Իր հավաստմամբ` մարդիկ գնում ընտրում են իշխանություններին, կամ, նույնիսկ, համապատասխան պաստառն են բարձրացնում ակցիաների ժամանակ, սակայն իրենց անձնական կյանքում այդ պաստառի բովանդակության հետ աղերս չեն ուզում ունենալ: Հետևաբար, Սուրկովի կարծիքով, շատ կարևոր է դառնում ոչ թե այն, ինչի մասին մարդիկ խոսում են, այլ այն, ինչի մասին նրանք լռում են, իսկ այդ լռությունը շատ վտանգավոր է պետության համար:
Սուրկովի հետ դժվար է չհամաձայնվել: Ռուսական պետությունը հիմա իրեն դիրքորոշում է որպես պահպանողական արժեքների պաշտպան, բայց այդ պետության և ոչ մի շերտ՝ սկսած էլիտայից, պահպանողական արժեքների կրող չեն: Թե՛ էլիտան և թե՛ ժողովուրդը բարձրաձայնում են հայրենասիրության մասին, գնում են նահատակների հիշատակը հավերժացնող մարշերի, բայց հնարավորության դեպքում փախչում են սեփական հայրենիքից: Ընդ որում՝ ամենաշատը փախչել են ցանկանում մեգապոլիսներում ապրողները, որտեղ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ավելի բարձր է, քան փախուստի թիրախ դարձող երկրներում, իսկ երբ հայրենիքը կոչ է անում զինված պայքար մղել սեփական ժողովրդին պաշտպանելու համար՝ մարդիկ մասսայաբար խուսափում են մատը մատին խփելուց: Օրինակ՝ Դոնբասի հակամարտության թեժ փուլում ՌԴ-ից մասնակցել է առավելագույնը մոտ 20-30 հազար մարդ: Մոտավորապես նույնքան մարդ էր մասնակցել Արցախի պաշտպանությանը Հայաստանից 44օրյա պատերազմի ընթացքում: Հաշվի առնելով որ ՌԴ բնակչությանը ՀՀ-ից 50 անգամ շատ է, սա իրականում նողկալի ցուցանիշ է, որը, նողկալի լինելուց զատ, նաև ապացուցում է Սուրկովի թեզերը:
Սուրկովը ստեղված իրավիճակի երկու լուծում է տեսնում։ Մեկը՝ «բացել համակարգը և գոլորշին բաց թողնել», ասել է թե՝ ազատական բարեփոխումներ իրականացնել, որը, իր կարծիքով, հեշտ, բայց կործանարար ճանապարհ է: Մյուս՝ ավելի ողջունելի տարբերակը, ըստ Սուրկովի, կայանում է նրանում, որ մեջբերում եմ՝ «սոցիալական էնտրոպիան (անորոշությունը) պետք է արտահանել՝ օտար տարածքներում օգտագործելու համար»: Ավարտելով հոդվածը՝ Սուրկովը ասում է՝ «Ռուսաստանը պետք է ընդարձակվի ոչ թե այն պատճառով, որ դա լավ է կամ վատ, այլ, որովհետև դա ֆիզիկա է»:
Այս մոտեցման մեջ ոչ մի նոր բան չկա, աշխարհում բազմիցս են ներքաղաքական ճգնաժամերը փորձել հաղթահարել արտաքին ճակատներ բացելով: Տո հենց Ռուսաստանն է դրա վառ օրինակը, ու հենց Սուրկովի նշած Ստոլիպինի կառավարությունը՝ Նիկոլայ II-րդի հովանու ներքո: Քանի որ Ռուսական կայսրությունը ակնհայտորեն հետ էր մնում իր Եվրոպական մրցակիցներից զարգացման տեմպերի առումով, ցարական ընտանիքը ազատական բարեփոխումների մի քանի փորձ ձեռնարկեց, որոնց տապալման արդյունքում, ցար Նիկոլայը որոշեց ընդարձակվել դեպի հեռավոր արևելք: 1885 թվին միջազգային հանրության (Ֆրանսիայի ու Գերմանիայի) հետ համաձայնության գալով՝ Նիկոլայը ստիպում է Ճապոնիային հրաժարվել Լյուդուն թերակղզուց՝ հետագայում զբաղեցնելով Կվանտունյան թերակղզու նավահանգիստները: 1898 թվին Նիկոլայը վարձակալում է Պորտ Արթուրը և պայմանավորվում Չինաստանի հետ՝ երկու երկաթգիծ կառուցելու մասին, որոնք, ըստ էության, պիտի Ռուսաստանին հպատակեցնեին Չինա-ճապոնական այդ երկրամասը: Մի քանի տարի անց, կորեական անտառների փայտի իրացման շուրջ վեճ է սկսվում, որը հանգեցնում է Ռուս-Ճապոնական պատերազմի, որից խուսափելու միակ ձևը ռուսների հեռացումը պիտի լիներ հեռավոր արևելքից: Նիկոլայը չնահանջեց:
Պատերազմը սկսում է, դրան զուգահեռ՝ Ռուսաստանում բողոքի ալիքներ են բարձրանում: Այս և այլ պատճառներով Ռուսաստանը պարտվում է Ճապոնիային: Սրանից հետո, նույն ներքաղաքական անկարողության պատճառով, Ռուսաստանը մտնում է Առաջին համաշխարային պատերազմի մեջ, ինչի արդյունքում պարտվում և կազմաքանդվում է, իսկ մեզ՝ հայերիս, որոնք անցել էին ռուսների կողմը, կոտորում են: Հետագայում՝ թուրքերի հետ բարիշելու համար, բոլշևիկները իրենց են տալիս մեր Նախիջևանն ու Արցախը:
Այս ամենը տեղի ունեցավ զուտ, որովհետև ռուս կայսրը չէր կարող իր երկիրը կառավարեր, դրա փոխարեն՝ նախընտրելով օտար ափերում ներքաղաքական դժգոհության խնդիրների լուծում փնտրել: Իսկ կառավարել չէր ստացվում, որովհետև իր ցանկացած նախաձեռնությունը սվիններով էր ընդունվում հասարակության կողմից, որը կատաղում էր էլիտար կայֆերի մեջ ապրող արիստոկրատիայի հաբռգած կեցվածքից:
Հիմա՝ հարյուր տարի անց, պատմությունը կրկնվում է: Ուղղակի հեռավոր արևելքում ո՛չ Չինաստանի, ո՛չ Ճապոնիայի հետ ՌԴ-ն չի կարող ոտք գցել: Կենտրոնական Ասիայում բոլոր երկրները իրար հետևից անցնում են լատինական տառատեսակի ու արգելում են ռուսալեզու պաստառները, մինչդեռ այդ երկրների դիասպորաները Ռուսաստանում աստիճանաբար ներթափանցում են բոլոր պաշտոնական և ոչ պաշտոնական հաստատություններ, բայց ի տարբերություն հայերի՝ չեն ձուլվում տեղաբնակների հետ: Ուկրաինան մեկ շնչին հասնող միջին եկամուտով սկսել է կտրուկ աճել ի տարբերություն Ռուսատանի և արդեն կարող է համարժեք պատասխան տալ: Լեհաստանը և այլոք ՆԱՏՕ-ի անդամ կամ գործընկեր են: Հետևաբար մնում ենք նորից մենք...
Միջազգային հանրության սեղանին Գերմանիային փոխարինել է ԱՄՆ-ն, կորեական անտառի փոխարեն՝ Զանգեցուրի մոլիբդենն է, Մանչժուրիայի երկաթգծի փոխարեն՝ Սյունիքի միջանցքն է, Ճապոնիայի փոխարեն Իրանն ու Թուրքիան են, իսկ պառակտված ու ստորացված Չինաստանի փոխարեն՝ մենք:
Վերջին անգամ, երբ սեփական իշխանությունը պահելու համար ռուս ցարը մտավ աշխարհաքաղաքական ավանտյուրաների մեջ, ռուս ժողովուրդը անցավ աղետալի քաղաքացիական ու երկու համաշխարհային պատերազմներով՝ տալով 70 միլիոն զոհ... Բայց դե դա իրենց գործն է: Ինձ ուրիշ բան ա մտահոգում. եթե շարքային ռուսը չի հասկանում, թե ինչու նա պիտի զոհվի հանուն այն հայրենիքի որտեղ Լարվորվները, Պեսկովները և այլոք չեն կարողանում, կամ չեն ուզում իրենց կնանիքի, իրենց երեխաների, իրենց սիրուհիների, իրենց սիրուհիների երեխաների սանձերը քաշեն ու բացատրեն որ, հայրենիքը Փարիզից, Լոնդոնից ու Բոդրումից պակաս չեն սիրում, ես ինչու՞ դա պիտի հասկանամ: Լավրովը ինձ ո՛չ մոր կողմից է բարեկամ, ո՛չ հոր: Առաջ ասում էին, որ հայերն ու ռուսները եղբայրական ժողովուրդ են, բայց նախ՝ պարզվեց, որ ըստ Ռուս Ուղղափառ եկեղեցու՝ կոնկրետ ես հայ չեմ, այլ ալբանացի եմ ու մինչ օրս ալբանական եկեղեցիներում եմ աղոթել, մինչդեռ ռուս ժողովուրդը ռազմավարական դաշինք էր կնքել ոչ թե բոլոր հայերի հետ, այլ՝ շատ կոնկրետ քաղաքական հայացքներ ունեցող հայերի հետ՝ մեկ գլխավոր «ալբանացու» գլխավորությամբ:
Ասածս ինչ է. կլինի՞ մեզ՝ «ալբանացիքիս» հանգիստ թողեք: Կլինի՞ էս անգամ առանց մեզ էլի էդ ձեր ներքին ամեն ինչը լուծեք... Հերիք ա էլի, էլ տալու բան չի մնացել ախր:
Էս անգամ էդ «էնտրոպիան» արտահանեք Վենեսուելա կամ Աֆրիկա, կամ վերջին վարիանտ՝ հենց բուն Ալբանիա, օրինակ՝ Ելցինի պես: Ելցինն էլ չէ՞, փորձեց վերակենդանանալ հենց Պրիշտինայի օդակայանը վերցնելով, էնտեղ «էնտրոպիա» արտահանելով: Հետո, իհարկե, սուսուփուս հեռացավ օդակայանից, իսկ 5 ամիս անց՝ նախագահի աթոռից: Նույն ձև, սուսուփուս էս մեր «Ալբանիայից» եք հեռանալու, իսկ մենք մնալու ենք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել