Թուրքիայում իշխող կոալիցիայի առաջնորդների՝ Ռ.Թ. Էրդողանի և Դ. Բահչելիի՝ թյուրքական աշխարհի քարտեզի անթաքույց ցուցադրությամբ լուսանկարը պարզապես նվեր է հայ դիվանագիտության համար՝ «Զանգեզուրի միջանցք» թուրք-ադրբեջանական նախագծի խափանման ուղղությամբ արտաքին համախոհություն ձևավորելու հարցում։
Պանթյուրիստական գաղափարախոսության առարկայացման բարձրակետ համարվող վերոնշյալ քարտեզը հստակ ուրվագծում է այն բոլոր երկրներն ու ուղղությունները, որոնց հարցում տարիներ շարունակ Անկարան նպատակային քաղաքականություն է վարել, իսկ ապագայում առավել ակտիվորեն է իրականացնելու՝ ներկա աշխարհակարգի պայմաններում «Մեծ Թուրանի» կամ «Թյուրքական բևեռի» ծրագիրը կենսագործելու նպատակով։ Քարտեզն ընդգրկում է տարածքներ Բալկանյան թերակղզուց, Ռուսաստանից, Իրանից, Չինաստանից, Մոնղոլիայից, հատվածներ Սիրիայից, Իրաքից, ներառում է թյուրքախոս երկրներին (Ադրբեջան, Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան)։ Եվ որ ամենակարևորն է՝ ծրագրի բանալին այսօր Հայաստանի Սյունիքի մարզում է՝ ենթադրյալ «Զանգեզուրի միջանցքը», որը կոչված է ապահովելու անխափան կապը ծրագրի բոլոր հատվածների միջև։
ՀՀ դիվանագետներին, Սփյուռքում լոբբինգ իրականացնող մեր հայրենակիցներին և գործընկերներին ընդամենն անհրաժեշտ է իրենց սմարթֆոններում ունենալ գրառմանը կցված լուսանկարն ու Հայաստանի քարտեզը և իրենց աշխատանքային շփումներում, հրապարակային ելույթներում հիմնավոր կերպով պարզաբանել, որ պատերազմից հետո թուլացած Հայաստանը միայնակ ի զորու չէ կասեցնել թյուրքական այն հեռանկարային ծրագիրը, որը Արցախի կայացած և «Զանգեզուրի միջանցքի» հնարավոր բռնակցման օրինակներով արդեն տեսանելի ապագայում կարող է սպառնալ նաև քարտեզում նշված բոլոր երկրներին միաժամանակ կամ հերթականությամբ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=4488790207824825&id=100000816702872
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել