Հայաստանում, Արցախում և Սփյուռքում մեկնարկել է «Տեխնոպարկ Արցախում» դրամահավաքային արշավը։ Այն իրականացնում է Արցախում գործող «Ես» կրթական հիմնադրամը reArmenia հարթակում։ Արցախում մինիտեխնոպարկ հիմնելու նպատակն է տեղի երիտասարդներին հնարավորություն տալ` ստանալու համապարփակ ՏՏ կրթություն և հմտանալ ոլորտում՝ աշխատելով հենց իրենց գյուղերից:
Նախագծի հեղինակը «Ես» կրթական հիմնադրամի ղեկավար Աշոտ Ավանեսյանն է, ով երկար տարիներ ՏՏ ոլորտում աշխատելուց և դասավանդելուց հետո, Ստեփանակերտից վերադարձել է հայրենի Մարտունի շրջանը՝ տեղի 3 գյուղերի կյանքը կրթության միջոցով բարելավելու համար։
«Կարևոր է աշխատանքի հնարավորություններ ստեղծել արցախցի երիտասարադների համար, որպեսզի նրանք չլքեն իրենց հայրենի գյուղերը։ Այսօր այս օրակարգն առավել քան կարևոր է՝ հաշվի առնելով Արցախի հետպատերազմական վիճակը: ՏՏ-ն-ն այն ոլորտն է, որի միջոցով հնարավոր է լավ վարձատրվող աշխատանք գտնել և ապահովել գյուղերի երիտասարդների զբաղվածությունը տեղում»․ նշում է Աշոտ Ավանեսյանը:
«Ես» կրթական ծրագրի գործունեության 1,5 տարվա ընթացքում ծրագրին արդեն մասնակցել է 100-ից ավելի երիտասարդ Մարտունու շրջանի Հաղորտի, Մուշկապատ, Բերդաշեն և Խնուշինակ գյուղերից:
Նախագիծն առայժմ միակն է Արցախում, որն ապահովում է ամբողջ կրթական ցիկլը եւ պատրաստում է սկսնակ մասնագետների:
Ծրագիրն իրականացվում է 3 փուլով՝ «Բացահայտում», «Հմտացում» և «Սկսենք»:
- Առաջին փուլը տևում է 1-2 տարի և օգնում է երեխաներին ծանոթանալ ՏՏ ոլորտի հիմնական մասնագիտություններին և ստանալ նախնական գիտելիքներ։
- Երկրորդ փուլը, որի տևողությունն է 1-3 տարի, պատրաստում է սկսնակ մասնագետների:
- Երրորդ փուլում դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն են ստանում՝ հիմնելու իրենց սեփական ընկերությունները:
Համապատասխան կենտրոնի բացակայության պատճառով ներկայումս կենտրոնի դասընթացներն անցկացվում են համայնքային տարբեր շենքերում։
Այս պահին շարժական կենտրոնում սովորում է 130 երեխա, որոնք պետք է շարունակեն իրենց ուսումնառությունը կենտրոնում: Իսկ տեխնոպարկ չունենալու դեպքում այս տարի ծրագրի առաջին փուլն ավարտող ավելի քան 30 ուսանող չի կարող շարունակել ուսումը։
«Ես» կրթական ծրագրի մինչ օրս գրանցած ամենամեծ նվաճումներից է շրջանավարտների կողմից ստեղվծած StartSystems ստարտափը։ Սյս պահին փաստացի գործում է Արցախի Հաղորտի գյուղում եւ արդեն հասցրել է իրականացնել վեբ կայքերի պատրաստման մի շարք պատվերներ՝ Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Լորիկ հիմնադրամի համար:
«Մեզանից ավագ սերունդը գյուղից հեռացել է այն պատճառով, որ գյուղում աշխատանք չկա: Սակայն մենք հավատում ենք, որ կարող ենք աշխատել մեր գյուղում ՝ ունենալով մի համակարգիչ, ինտերնետ, գիտելիքներ և մի տարածք, որ գլխներիս չկաթի»,- նշում է ստարտափի հիմնադիրներից Շուշան Մարտիրոսյանը:
Տեխնոպարկի հիմնումից հետո առաջիկա 5 տարիներին ծրագրի արդյունքում Արցախը կունենա
- 280֊350 ուսանող,
- ՏՏ ոլորտի մոտ 270 նոր մասնագետ,
- 10֊ից ավելի փոքր ՏՏ ընկերություն և
- 1 միլիարդ դրամի մուտք:
Տեխնոպարկի ստեղծման համար, ընդհանուր առմամբ, անհրաժեշտ է 67,562,000 դրամ, որը ներկայացված է reArmenia հարթակում՝ ֆինանսավորման համար: Մասնակցելու համար հարկավոր է այցելել՝ https://discover.rearmenia.com/shareProject?projectId=940391dc-f9e1-446c-a2b1-d023f7e9ddf1&language=hy



