Պարսից ծոցի առանցքային արաբական երկրները հերթական ռազմավարական սխալն են գործում այս անգամ արդեն Լիբանանում՝ պոտենցիալ հնարավորություններ ստեղծելով մրցակից Թուրքիայի համար։
Լիբանան-Սաուդյան Արաբիա դիվանագիտական սկանդալի պատճառով(Այն ծագել էր Լիբանանի տեղեկատվության նախարար մարոնի քրիստոնյա Ժորժ Կորդահիի՝ մինչև նախարար նշանակվելն Էր-Ռիադի եմենյան քաղաքականությունը քննադատելու պատճառով։ ՍԱ-ն ակնկալում էր նախարարի պաշտոնից հեռացում, ինչը տեղի չունեցավ, քանի որ կարող էր հանգեցնել բավականաչափ բարդ ջանքերի արդյունքում ձևավորված կոալիցիոն կառավարության փլուզում։) Էր-Ռիադը և Պարսից Ծոցի նրա դաշնակիցները՝ ԱՄԷ-ն, Բահրեյնը, Քուվեյթը, որպես համախոհության դրսևորում, մեկը մյուսի հետևից հետ կանչեցին Բեյրութում իրենց դեսպաններին։ Որոշներն էլ պահանջեցին նաև, որ Լիբանանի դեսպանները հեռանան իրենց երկրներից։
Դիվանագիտական խնդրի կարգավորման համար միջնորդական դերակատարում ստանձնելու փորձեր է նախաձեռնել Կատարը։ Եվ թեպետ վերջինի ու Պարսից ծոցի վերոնշյալ արաբական երկրների միջև շուրջ 2 տարի տևած հակամարտությունից հետո հարաբերությունները, կարծես, ընթանում են կարգավորման հունով, այնուամենայնիվ, դեռևս շարունակում են սառը մնալ։
Միևնույն ժամանակ Կատարը սերտ դաշնակցային հարաբերություններ ունի էրդողանական Թուրքիայի հետ(նաև «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության կրոնագաղափարական ընդհանրության հիմքով), և որոշ արաբական երկրներում ու այլ գոտիներում շարունակվող հիմնախնդիրների շրջանակներում գործել են համատեղ՝ Անկարա-Դոհա հստակ դերաբաշխման եղանակով։
Վերոնշյալի համատեքստում, Լիբանանում Կատարի ակտիվացման փորձերը, համաարաբական հաշտեցման գործառույթի ձախողման դեպքում, կարող են հանգեցնել այդ երկրում Թուրքիայի դերակատարման ամրապնդման, որը նախկինում մշտապես բախվում էր արաբական միասնական դիմադրությանը։ Իսկ Անկարա-Դոհա համագործակցությունն ունի արդենիսկ բազմիցս հաջողված պրակտիկ օրինակներ՝ ի դեմս Կատարի ֆինանսական ռեսուրսների և Թուրքիայի ենթակառուցվածքների համադրման մեխանիզմի։
Այսպիսով, եթե սիրիական, լիբիական, պաղեստինյան, աֆղանական, նույն կատարյան հիմնախնդիրների օրինակը հաջողվի նաև համահայկական տեսանկյունից մեծ կարևորություն ունեցող Լիբանանում, ապա առաջիկայում կարող ենք ականատես լինել այդ երկրում Անկարայի դիրքերի զգալի ամրապնդման, որը կողմնակի էֆֆեկտով, վստահաբար, կարող է բացասաբար ազդեցություն ունենալ լիբանանահայության դիրքերի վրա՝ Մայրիների երկրի՝ համայնքային սկզբունքով գործող քաղաքական և կառավարման համակարգերի համապատկերում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=4444366682267178&id=100000816702872
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել