Փորձեմ պատասխանել «Ի՞նչ պիտի անի ընդդիմությունը, որ չի անում» հարցին հնարավորինս կարճ, բայց ամփոփ։ Խոսքս և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական ընդդիմությունների մասին է։
1. Իջնի գետնի վրա, ժողովրդի հետ խոսի, հասկանա մարդկանց հին ու նոր ցավերը, վերքերը, հասկանա վախերը և հույսերը, հավաքի մարդկանց անպատասխան հարցերը։
2. Ի մի բերի իր ասելիքը ժողովրդին՝ կարճ, հստակ, տարբեր խմբերին հասկանալի լեզվով, համակարգված, ոչ իրարամերժ թեզերով։ Ահա այդ ասելիքը.
ա) Ամփոփել և առանց կռուտիտների («մեր թիմը սաղ ճիշտ է արել, բոլոր սխալները մնացածներն են արել») ընդունել վաղ և ոչ այնքան վաղ անցյալում արված սխալները։
բ) Անկեղծ ասել մարդկանց, թե ինչ վիճակում է հիմա երկիրը. ամենակարևոր կետերով։
գ) Պարզ, բայց համոզիչ բացատրել / ցույց տալ, թե ինչպես է Նիկոլը բերել երկիրը այս վիճակի։ Հստակ ցույց տալ, թե ինչ պիտի աներ, որ չի անում երկիրն այդ վիճակից դուրս բերելու համար։
դ) Տալ հստակ պատկեր, թե ինչպես եք պատրաստվում երկիրն այդ վիճակից հանել։ Ինչպես եք պատրաստվում մարդկանց ցավերը մեղմել, վերքերը բուժել։ Տալ պատասխանները մարդկանց հիմնական հարցերին։ Դատարկ խոստումներ պետք չեն. մարդիկ շատ լավ զգում են, երբ փորձում եք «սաչկավատ» անել։
ե) Համոզիչ պատասխանել «Եթե ոչ Նիկոլը, ապա ո՞վ» հարցին։
3. Բոլոր հնարավոր ալիքներով, հարթակներով, ձևաչափերով ու փաթեթավորումներով ձեր ասելիքը տարածել՝ մաս-մաս և ամբողջությամբ։ Մի խուսափեք մարդկանց հետ ուղիղ շփվելուց, ձեր ասելիքն իրենց ուղիղ փոխանցելուց։ Դա հնարավորություն կտա միանգամից ֆիքսել մարդկանց արձագանքները և հասկանալ, եթե ինչ-որ բան սխալ եք արել նախորդ կետում և միանգամից ուղղել սխալները։
4. Որևէ դեպքում չի կարելի խուսափել տհաճ հարցերից, որևէ դեպքում չի կարելի մեծամտորեն, արհամարհանքով վերաբերվել մարդկանց ասածներին։
Այս 4 կետերը կրկնել այնքան, մինչև վստահ լինեք, որ ձեր ասելիքը տեղ է հասել և ընդունվել է ՀՀ և Արցախի քաղաքացիների մեծամասնության կողմից։
Միայն դրանից հետո իմաստ ունի խոսել հաջորդ քայլերի մասին։
Այս ծանր, բայց անխուսափելի փուլից խույս տալով, «արագ լուծումների» հետևից վազելով, տհաճ հարցերին պատասխանելուց խուսափելով՝ հերթական անգամ հայտնվելու եք/ենք անիմաստ մուննաթների և իրար միս ուտելու ելակետում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groul/posts/4737703816267778
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել