Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը անդրադարձավ քառօրյայի ընթացքում դռնփակ նիստին։ Նա նշեց, որ այդ ֆորմատով նիստ տեղի ունեցավ այն պատճառով, որ իշխանությունները ունեն մտահոգություններ, որ հանրությունը կարձանագրի այն իրական իրավիճակը, որը պատերազմի ժամանակ ներկայացնում էր սահմանապահ զորքերի հրամանատարը,  Զինված ուժերի շտաբի տեղակալը։

«Սա նշանակում է, որ հանրության համար կարևոր հետաքրքրություն և մտահոգություն առաջացնող դելիմիտացիայի գործընթացի հետ կապված խնդիրը շարունակում է օդում կախված մնալ, առաջնագծում ստեղծված իրավիճակը, գոնե այն մասով, որ գաղտնիության խնդիր չի առաջացնում, շարունակում է թաքցվել հանրությունից»,–ասաց նա։

Անդրադառնալով կառավարության հետ հարցուպատասխանին՝ Տիգրան Աբրահամյանը արձանագրեց․ «Փաստացի նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ պատերազմից առաջ, հանրության համար տեսանելի գործոններից բացի, եղել էր նաև վստահություն առաջացնող ռադիոկլանում։ Այսինքն՝ ադրբեջանական կողմից կլանվել էր տեղեկատվություն, ինչը ևս մեկ հաստատում էր, որ պատերազմ էր լինելու։ Սա ի դեպ եղել է պատերազմից երկու օր առաջ։ Այսինքն՝ այսքան գործոնների առկայության պայմաններում Նիկոլ Փաշինյանը, ռազմաքաղաքական ղեկավարությունը իրավիճակին համահունչ գործողություներ չեն իրականացվել, ինչով ցավալիորեն հիմք է դրվել հենց այդ փուլում պատերազմում մեր պարտությանը։ Սա ցույց է տալիս նաև, որ միջոցառումների այն շարքը, որոնք նախատեսված էին նման իրավիճակների համար, փաստացիորեն չեն աշխատել, գործի չեն դրվել այդ մեխանիզմները, ինչով պետությունը, զինված ուժերը չեն պատրաստվել Ադրբեջանի հարձակմանը»,–ասաց նա

Պատգամավորը նշեց, որ Նիկոլ Փաշինյանին ուղղված իր հարցադրումներն ունեն կոնկրետ նպատակ։ «Դա նրա հետ պոպուլիզմի առումով մրցավազքի մեջ մտնելը չէ, ծաղրանքի կամ այլ ժանրի մեջ մրցավազքի մեջ մտնելը չէ, սրանք այն հարցադրումների պատասխանն են, որոնք մեզ, եթե ոչ այսօր, ապա վաղը հնարավորություն են տալու կոնկրետ գործեր հարուցելու, կոնկրետ պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար»,–ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել