Panorama.am-ը գրում է.
«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամն այս ուսումնական տարում ևս 5 նոր կրթամրցանակ է սահմանում. 4-ը՝ Երևանի Պետական համալսարանում, 1-ը՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ Դրանք նվիրվում են մեր անմահ հերոսներին՝ մեր ոսկե սերմերին։
«Մեզ թաղեցին, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք»...
Հիշեցնենք, որ «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը այս տարվա ապրիլից սկսել է «Հարգանքի և երախտիքի կրթամրցանակ՝ նվիրված մեր գոյամարտի հերոսների հիշատակին» գիտակրթական ծրագիրը։ Ծրագրի մեկնարկը տրվել է «Էրիկ Գևորգյանի անվան երախտիքի կրթամրցանակ»-ով: ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի և «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ յուրաքանչյուր կիսամյակ 200 հազար դրամի չափով սահմանած մրցանակ կշնորհվի մեկ երիտասարդ ֆիզիկոսի։ Առաջին մրցանակակիրն էր ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Ռուբեն Հարությունյանը:
«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանն ասում է, որ այս ծրագրի նպատակն է ոչ միայն արձանագրել Արցախյան գոյամարտի ընթացքում զոհված հերոսների սխրանքը, այլև իրենց կյանքը հայրենիքի անվտանգության համար զոհաբերած այդ երիտասարդ նվիրյալների անունները շաղկապել մեր երկրի կրթության և գիտության առաջընթացի գաղափարին։
«Այդ նպատակով մենք համագործակցելու ենք հայաստանյան բուհերի հետ, ներկայացնելու ու փառաբանելու ենք տարբեր կրթօջախներում սովորած և 44-օրյա պատերազմի ժամանակ անմահացած հերոսների սխրանքը, նրանց թանկ անունները ծառայեցնելու ենք կրթամրցանակներ սահմանելուն՝ նպատակ ունենալով նպաստել երիտասարդ գիտնականների և գյուտարարների նոր սերնդի ձևավորմանը։
Մենք հավատում ենք, որ հիմնարար կրթությանն է Հայաստանի մրցունակ և գիտահեն ապագայի գրավականը»,- նշում է Ա. Պետրոսյանը։
Նա ներկայացված տեսանյութում հիշում է նաև հերոս, նվիրյալ Գևորգ Արշակյանի հայտնի ասույթը՝ մեռիր այնպես, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ։
«Գևորգը, Էրիկը հազարավոր անմահացած այլ երիտասարդներ մեր ոսկի սերմերն են, որոնց հավատամքից ու թանկ ինքնազոհաբերումից բարձրանալու են ապագայի ծիլերը։
Ապրել ու աշխատել է պետք, մենք մեր ոսկե սերմերին՝ Էրիկին, Գևորգին ու մյուս երիտասարդներին հայրենիք ենք պարտք»,- ասում է է Ա. Պետրոսյանը։
Այս ուսումնական տարում սահմանված կրթամրցանակներն են՝«Հայ Ձմեռ պապ» լրագրողական բարեգործական հիմնադրամը և ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետը հայտարարում են երախտիքի և հարգանքի «Ոսկի սերմեր» կրթամրցանակ՝ նվիրված ղարաբաղյան երրորդ պատերազմում զոհված եզդի հերոսների հիշատակին։
Մրցանակը նախատեսում է յուրաքանչյուր կիսամյակ 200 հազար դրամի չափով աջակցություն ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի այն բակալավրին (3-րդ, 4-րդ կուրսեր)/մագիստրոսին ասպիրանտին, որի տվյալները կհամապատասխանեն սահմանված չափորոշիչներին։
«Հայ Ձմեռ պապ» լրագրողական բարեգործական հիմնադրամը և ԵՊՀ Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետը հայտարարում են երախտիքի և հարգանքի «Ոսկի սերմեր» կրթամրցանակ՝ նվիրված ղարաբաղյան երրորդ պատերազմի հերոս, ԿՄԻ ֆակուլտետի ուսանող, Արիության մեդալի ասպետ Ռուբեն Համբարձումյանի հիշատակին։ Մրցանակը նախատեսում է յուրաքանչյուր կիսամյակ 200 հազար դրամի չափով աջակցություն ԵՊՀ ԿՄԻ ֆակուլտետի այն բակալավրին/մագիստրոսին/ասպիրանտին, որի տվյալները կհամապատասխանեն սահմանված չափորոշիչներին։
«Հայ Ձմեռ պապ» լրագրողական բարեգործական հիմնադրամը և ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետը հայտարարում են երախտիքի և հարգանքի «Ոսկի սերմեր» կրթամրցանակ՝ նվիրված ղարաբաղյան երրորդ պատերազմի հերոս Վարդան Ամալյանի հիշատակին։
Մրցանակը ենթադրում է յուրաքանչյուր կիսամյակ 200 հազար դրամի չափով աջակցություն տրամադրել ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետի այն բակալավրին/մագիստրոսին/ասպիրանտին, որի տվյալները կհամապատասխանեն սահմանված չափորոշիչներին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: