Շուշին ինձ համար չի կարող դառնալ փողոց կամ սառնարանի ճտիկ
Այսօր փողոցում ինձ առաջարկեցին միանալ Երեւանում Շուշիի փողոց ունենալու ստորագրահավաքին։
Ես չեմ միանալու Շուշիի փողոց ունենալու, Հադրութի անվան կլուբ բացելու, «Քարվաճառ» անունով ազգագրական պարի անսամբլ հիմնելու նախաձեռնություններին, որպեսզի եւս մեկով չավելանա հայրենիքի պատմականը սիրողների թիվը։
Հա, ոչ էլ ուզում եմ Ստամբուլը դարձնել արյան ծով։
Շատ շուտով «Շուշի», «Հադրութ», «Դադիվանք» ու թուրքին մնացած մեր հայրենիքի այլ տեղանուններով միություններ ստեղծվելու են Ռուսաստանում ու Լոսում, որ արմատներով բոլոր շուշեցիները Շուշիի ազատագրման ու Շուշին թուրքին հանձնելու օրը հավաքվեն «Շուշի» ակումբում։
Ու պատմական հիշողության ավանդույթին համաձայն, համայն Սփյուռքում ու Հայաստանում ստեղծվելու են «Շուշի», «Հադրութ», «Բերձոր», «Կատարո» պարային համույթներ։ Դա մեր պատմական տուրքի կարևոր ատրիբուտիկան է։
Հետո Վերնիսաժում կսկսեն վաճառել մեր պատմական Արցախից մասունքներ. օրինակ, մի կճուճ, ու երբ հարցնես, թե ինչո՞ւ է էս մի կտոր կավն էդքան թանկ, վաճառողը կնայի քեզ բազմադարյան մեսրոպատառ հայացքով ու կասի՝ մեր պատմական Շուշիից է։
Ու դու խոնարհաբար կգնես այդ կճուճը նույնպիսի սրբազան սարսուռով, ինչպես հիմա գնում ենք մեխը, որը բերվել է պատմական Կարսից կամ Վանից։
Ու ամենակարևորը, կգրվեն երգեր ու կբեմադրվեն ներկայացումներ մեր կորսված պատմական հողերի մասին, типа` «Կարս, Կարս, Կարս, Հայաստանի հարս»։
Գինիները չմոռանամ. ու քարից հաց քամող մեր մշտական օլիգարխը այլևս կարտադրի «Շուշի», «Հադրութ», «Դադիվանք», «Ավետարանոց», «Ուխտաձոր», «Նոր Մարաղա», «Աղավնատուն», «Իշխանաձոր», «Ծիծեռավանք», «Մշենի» գինիներ ու անպայման կարմիր, որ խմելուց ասենք՝ հայի արյան գույնն ունի։
Ու կապրենք մեր պատմական հայրենիքը սիրելով ու մեր կորցրած բնակավայրերից սառնարանի ճտիկ սարքելով։ Որովհետև պատմական հայրենիք սիրելը հեշտ է, այն պահել և հզորացնել պետք չի, նրա համառ կռիվ տալ պետք չէ, որովհետև այն այլևս պատմական է։
Պատմականը չի ուզում, որ դու իր համար ամեն օր պայքարես, որ չկորցնես։
Պատմականը այլևս ոչինչ չի ուզում, որվհետև նա այլևս ակումբի անուն է, երգի-պարի անսամբլ կամ սառնարանի ճտիկ։
Հա, մեկ էլ չմոռանանք, որ հենց այսօր, հենց հիմա բոլորս մեր անգործությամբ ու պատմական հիմարությամբ անենք առավելագույնը, որ հնարավորիս արագ, շատ արագ Հայաստանն էլ դառնա պատմական։
Որ հետո, Լոսում կամ Մին-Վոդիում հանգիստ խղճով բացենք «Հայաստան» անունով հերթական քյաբաբնոցը՝ պատին խփած Երևանի նկարներով, այլևս պատմական Ակունք գյուղից բերված սոխով ու «Էրեբունի Երևան» երգով»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/n.zohrabyan/posts/1086614465492277
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել