168.am-ը գրում է․

Հոկտեմբերի 17-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտություններից առաջ՝ հոկտեմբերի 14-ին, Կառավարությունը հերթական անգամ գումար է հատկացրել այն մարզերին, որտեղ մի քանի օր անց կայանալու են ընտություններ։

Մասնավորապես, այս անգամ պետական բյուջեից 267 միլիոն 441 (267,441.2) դրամ է հատկացվել Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին։

Հոկտեմբերի 17-ին առաջին ՏԻՄ ընտրությունները լինելու են Սյունիքի և Շիրակի մարզերում։

Ըստ որոշման նախագծի՝ գումարը հատկացվում է մարզպետարաններին իրականացված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում շինարարական ընկերություններին վճարումները կատարելու և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ձեռք բերված գույքի դիմաց վճարումներ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված, բայց թե ինչպե՞ս է այդ անհրաժեշտությունը համընկել այդ մարզերում պլանավորված ընտությունների հետ, Կառավարության ընդունած որոշման մեջ նշված չէ։

Հիշեցնենք, որ ընտրություններից առաջ մարզպետարաններին գումար հատկացնելն այս իշխանության օրոք դարձել է սովորական։

Օրինակ, 2021 թվականի հունիսի 20-ին կայացած համապետական ընտրություններից առաջ էլ 1 միլիարդ 200 միլիոն դրամ էր հատկացվել ՀՀ 9 մարզերին, իսկ Սյունիքի մարզպետարանին գումարը հատկացնելու փոխարեն՝ Կառավարությունն այն հատկացրել է Սյունիք մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ այդ հիմնադրամին պետբյուջեից տրվել էր 500 միլիոն դրամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել