Հայաստանի Հանրապետության անշեղ զարգացման ուղու և պետության դարակազմիկ զարգացումների մասին օրական կարելի է լսել առնվազն հինգ-վեց ելույթ: Ընդ որում՝ այդ ելույթները միմյանցից անողոք քոփի - փեսթեր են, որովհետև ՀՀ-ում զարգացման օրինակները այնքան սուղ են, որ իշխանական PR-չիկները հղումներ անելու հազվադեպ հնարավորություններ են ստանում: Մինչդեռ իշխանությունները կարող էին ժողովրդի հետ հարաբերվել առանց կեղծ պաթետիկ քոփի-փեսթերի, առանց արարողակարգային, շաբլոն դիֆերամբների, առանց շինծու գնահատականների: Պարզապես պետք է մարդկանց հետ խոսել շիտակ, ասել այն, ինչ կա սրտիդ մեջ, ոչ թե տիրաժավորել կեղծ, դատարկ, հեկտարանոց տեքստեր: Ուշադրություն դարձրեք կառավարության անդամների ելույթներին կամ իշխանական պատգամավորների ասուլիսներին՝ քո առջև հառնում է Հայաստան - պետությունը՝ զարգացման մեծադղորդ տեմպը ուսած: Պետության զարգացման մասին նրանց ելույթները, հավանաբար, վերաբերում են ՈՒՐԻՇԻ Հայաստանին, այն Հայաստանին, որը մերը չէ, որտեղ ապրում են խաղաղ, ստեղծարար զոմբիներ, որտեղ կյանքը մեղվի փեթակ է հիշեցնում, հարգվում են մարդու իրավունքները, ընտրություններն անցնում են անթերի, որտեղ տնտեսությունն աճում է հայլուրային արագությամբ: Որտեղ տռզած, սխտորաբույր գոճիները կարող են նայել քաղաքացու աչքերի մեջ և պնդել, որ ժողովրդավարական և բարեկեցիկ Հայաստանը հենց այսպե՛ս պետք է կառուցվի: Որտեղ քաղաքական գործընթացները ունեն երկու առանցք՝ փողը և կերակրափողը:
Գիգանտներ ջան, ձեզ ընկերական խորհուրդ, փորձեք ձեր ելույթները մոտեցնել իրականությանը: Կամ հասարակությանը բաժանեք վարդագույն ակնոցներ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել