Tert.am-ը գրում է.
«Իմ եղբայրը նշված կազմակերպությունում մասնակցել է 40-ից ավելի մրցույթի, ոչ այնքան շահեկան։ Շահել են օրենքով նախատեսված ձևով», - անդրադառնալով իր եղբոր ղեկավարած ասֆալտապատող ընկերության կողմից պետական գնումների մրցույթներին մասնակցելու և դրանցում շահելու փաստին՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ լրագրողների հետ զրույցում։
Նա դժգոհեց, որ իրեն «դեղին մամուլին» բնորոշ հարցեր են տալիս՝ այդ թեմայով։
«Հորդորում եմ՝ ուշադրություն դարձնենք իրական բաների վրա, որովհետև մանկապարտեզից սկսած՝ իմ կյանքը արդեն բոլոր տեսակի խոշորացույցներով նայել են։ Եթե նման հանցակազմ կա, եթե նման բան գոյություն ունի, վստահ եղեք, որ նման բանը տեղ չի ունենա», - ասաց նա։
Սիմոնյանը պնդեց նաև, որ երկու խոշոր մրցույթ շահած կազմակերպությունում իր եղբայրը «որպես տնօրեն է աշխատում, կարող էր նաև որպես հաշվապահ աշխատել», իսկ ընդհանրապես՝ այդ տրամաբանությամբ, ըստ նրա, ստացվում է, որ իր եղբայրը կամ մյուս ազգականները Ալեն Սիմոնյան անուն-ազգանունը սոցցանցում «շահարկելու» պատճառով չպետք է որևէ տեղ աշխատեն կամ կազմակերպությունները, որտեղ նրանք աշխատում են, չպետք է մասնակցեն մրցույթների։
«Ես ցանկանում եմ, որ այդ կազմակերպությունն էլ ավելի շատ բաներ շահի, եթե պետությանը դա ձեռնտու է», - ասաց Սիմոնյանը՝ եղբոր ղեկավարած ընկերության մասին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: