
Armfvn.com-ը գրում է.
Ստամբուլի հայաշատ Ֆերիքոյ թաղամասում 80-ամյա հայ մի կին է ծեծի ենթարկվել իր իսկ բնակարանում, տեղեկացնում է «Ագօսը»: Մարգարիտ Ջամքոսօղլուն պատմել է, որ օգոստոսի 17-ին խանութից տուն վերադառնալիս նկատել է, որ միջին հասակի անծանոթ մի տղամարդ աստիճաններին կանգնած սպասում է: Ուշադրություն չի դարձրել: Եվ երբ Մարգարիտը բացել է իր բնակարանի դուռը, նշյալ անձը թիկունքից հարվածել է ու նրան ցած գցել, սկսել հարվածել գլխին:
80-ամյա կինը պատմել է, որ փորձել է ձերբազատվել վայրենի հարձակվողից, բայց չի հաջողվել: Հարևանները ենթադրում են, որ հանցագործը միտումնավոր է այցելել այդ կնոջը և քաջատեղյակ է եղել, որ կինը միայնակ է ապրում:
Ի դեպ, հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Թուրքիայում արձանագրվեցին մի շարք հարձակումների, բռնության ու ծեծի դեպքեր հայ կանանց հանդեպ: Նրանցից 4-ը ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ 84-ամյա Մարիցա Քյուչուքը դաժանորեն սպանվել էր սեփական բնակարանում: