Ռուսաստան այցի նախօրեին Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները տհաճ հետք են թողնում, բայց դա ոչ մի կերպ չի խափանում հաջող և կառուցողական այցի հեռանկարները, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այս իրավիճակում, հավանաբար, մի փոքր, այսպես ասած, տհաճ հետք թողեց, որ նման հայտարարություններ սկսեցին հնչել այն օրերին, երբ ավարտվել են առաջիկա այցի նախապատրաստական աշխատանքները: Բայց, այնուամենայնիվ, դա ոչ մի կերպ չի խափանում նախագահ Էրդողանի՝ Ռուսաստան հաջող, բովանդակալից և կառուցողական աշխատանքային այցի հեռանկարները», - ասել է Պեսկովը:

Ինչպես նշում է militarynews.ru-ն, նա միաժամանակ նշել է, որ, միջազգային քաղաքականության ավանդույթներին համապատասխան, զգայուն թեմաներով հայտարարություններ չեն արվում միմյանց այցելություններից առաջ:

«Մենք գիտենք, որ այս հարցում կտրականապես համաձայն չենք, և գիտենք, որ այս պահին համաձայնության հասնելու ոչ մի տարբերակ չկա», - ասել է Պեսկովը:

Պատասխանելով այն հարցին, թե որն է ռուս-թուրքական հարաբերություններում դժվար ժամանակաշրջանի պատճառը, Պեսկովն ասել է.«Ես չէի չափազանցնի իրավիճակը, ի վերջո, Թուրքիան մեր գործընկերն է, որի հետ մենք ունենք շատ զարգացած հարաբերություններ: Այս ֆոնին որոշ հարցերի շուրջ տարաձայնությունները դեռ պահպանվում են»: 

Պեսկովը նշել է, որ Ղրիմի վերաբերյալ Էրդողանի դիրքորոշումը քաջ հայտնի է Ռուսաստանում, թուրքական կողմը դա չի թաքցրել:

«Էրդողանը Ղրիմը համարում է օկուպացված», - ասել է նա:

Պեսկովը միաժամանակ նշել է, որ ճանաչում է բազմաթիվ թուրքերի, որոնք, լինելով մոլի ազգայնականներ, Ղրիմը համարում են թուրքական:

«Բայց, փառք Աստծո, այս ազգայնականներն իշխանության չեն: Եվ, փառք Աստծո, Թուրքիայի նախագահը չի կիսում նրանց տեսակետը», - ասել է Պեսկովը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել