A1plus.am-ը գրում է.

Ուսման վարձավճարների թանկացման համար բուհերի ռեկտորները լուրջ հիմքեր են ունեցել, այսօր դժգոհող ուսանողներին վստահեցրեց ԿԳ նախարարը։

«Ամենակարեւոր հիմքն այն է, որ բուհերի ֆինանսատնտեսական վիճակը մոտ ապագայում վատթարանալու է, արդեն վատթարացած է, քանի որ 2011-ին բուհերը 20 տոկոսով ընդունեցին ուսանողներ: Թերհամալրում է տեղի ունեցել այս տարի», -վստահեցրեց Արմեն Աշոտյանը:

Այս պատճառաբանությունը ընդունելի չէր ուսանողների համար։ Ըստ նրանց՝ ոլորտի խնդիրները լուծելու համար այլ միջոցներ պետք է կիրառել։

«Եթե գիտությունը զարգացնելու միջոցներ է պետք, թող ուրիշ տեղից ճարեն, ժողովրդին թող չքամեն»,-ասաց Ներազգային ազատագրական շարժման մասնակից Մարտիրոսյան Վահանը:

Ներազգային ազատագրական շարժման մասնակիցները չբավարարվեցին հարց ու պատասխանով։ Նրանք այսօր դիմում-նամակ հանձնեցին ԿԳ նախարարին՝ ակնկալելով վարձավճարների թանկացումը կասեցնող օպտիմալ լուծում։ Նախարարը խոստացավ պատասխանել գրավոր՝ մեկ շաբաթվա ընթացքում՝ բոլոր հարցերին տալով սպառիչ պատասխան։

Արմեն Աշոտյան. Ես ըմբռնումով եմ մոտենում բուհերի որոշմանը, սակայն նաեւ իմ պարտքն եմ համարում ստեղծել մի կրթական օպտիմալ փաթեթ, որը թույլ կտա ցանկացած լավ սովորող ուսանողի ստանալ կրթություն:

Եթե ԿԳՆ-ն որեւէ քայլ չձեռնարկի ստեղծված իրավիճակին լուծում տալու համար, ապա նախաձեռնության մասնակիցները պատրաստվում են դիմել կտրուկ քայլերի։

Մարտիրոսյան Վահան. Մենք որոշել ենք, հայտարարել ենք, որ սեպտեմբերից կսկսենք դասադուլների պրոցեսը, ընդհուպ մինչեւ նախարարությունում ստեղծվի ճգնաժամային իրավիճակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել