A1plus.am-ը գրում է.

Ինդիր գյուղի այս տատիկները գենդերային օրենքի մասին հազիվ մի երկու նախադասություն լսեցին։ «Տո, գետին մտնի օրենք ընդունող, օրենք բերող»,-նյարդայնորեն հակադարձում է 80-անց Ծովինար Վարդանյանը։Նա եւ քույրը առաջին անգամ էին լսում, որ մարդը կարող է լինել ձեռքբերովի կին կամ տղամարդ, որն օրենքում սահմանվում է «գենդեր» եզրույթով.«Վույ, վույ, վույ, վույ, վույ»։

Սիրան Վարդանյանը հիշում է, որ աղջիկ տարիներին ծիծաղել է այն տղաների վրա, որոնք կանացի վարք են դրսեւորել եւ աղջիկների վրա, որոնք, լավ կլիներ, որ տղա ծնվեին. «Ես մի հատ հորողբոր տղա ունեի, ինքը սիրեր կանացի գործիք, կգար կով կկթեր, կօգներ, հետո չուլքի կգործեր, բան, մեր մոտ ծաղրանք էր, ձեռ կառնեինք իմ հորողբոր տղեն, որ կանացի գործ կենե»։

Տատիկների հետ նստած այս տղամարդը երկու աղջիկ ունի, ամբողջ կյանքում երազել է տղա ունենալ, հիմա սկսել է վախենալ՝ օրենքը մեզ հեռու կտանի, մինչեւ նույն սեռի միջեւ ամուսնություններ։ «Մենք ֆրանսիացի չենք, ամերիկացի չենք անուղեղ։ Դա ֆրանսիացում համար շատ սովորական օրենք ա, տղան տղու հետ ամուսնանում, աղջիկն աղջկա հետ»,-նկատում է Հրաչ Վարդանյանը։

Քոթանյան ծերունիների հորեղբոր որդին՝ Միքայել Քոթանյանը, հոկտեմբերի 27-ին սպանվել է Ազգային Ժողովում։ Խորհրդարանի հանդեպ նրանք ուշադիր են։ «Գենդեր» բառը, սակայն, լսում են առաջին անգամ։ «Սեռական բանո՞վ ես ասում»,-փորձում է պարզաբանել 87-ամյա Խնկանոց Քոթանյանը։Անիմաստ բառ է,-եզրակացնում են եղբայրները։ Գյուղում տղան տղա է, աղջիկը՝ աղջիկ, ու՞մ մտքով կանցնի գենդերացվել։ «Էս գյուղից 55 տղա առել ենք 155 աղջիկ։ Ինչքան է ազնվությունն էս գյուղում, ամուսնական նամուսն ու թասիբը, ընդամենը բաժանվել է մի ընտանիք»,-մանրամասնում է Խնկանոց պապիկը։

Փոքր եղբայրը՝ 84-ամյա Վահրամ Քոթանյանն անմիջապես գլխի է ընկնում, թե քաղաքում նստած մարդիկ ինչու են ընդունել ձեռքբերովի սեռերի մասին այս օրենքը.«Էդ օրենքը հանել են իրենց համար»։Ցեղասպանություն տեսած եւ լեռներով Հայաստան հասած սասունցու որդին առաջարկում է կարճ կապել եւ հաշվի առնել ոչ թե Ազգային Ժողովի, այլ լեռների օրենքը. «Մի տղայի ամորձատեն, կլնի կին, բա ինչ ա»։

Ի դեպ, գյուղացիները իրենց փաստարկներին միացրեցին դասականին՝ Ավետիք Իսահակյանը, որը 40 օր ապրել է այս գյուղում, եւ շատ էր սիրում աղջիկ ու կին, գետինը կմտներ գենդեր բառը լսելիս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել