Armeniasputnik.am-ը գրում է.
Սեպտեմբերի 22-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում կմեկնարկի մի դատավարություն, որը վերաբերում է 2020թ–ի նոյեմբերի 10-ի գիշերը` եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Երևանում տեղի ունեցած քաղաքացիական բողոքի ակցիաներին։
Ամբաստանյալը Էրիկ Կարենի Գրիգորյանն է, որը հանցանքի կատարման պահին անչափահաս է եղել` 17 տարեկան։ Նրա 18–ամյակը լրացել է միայն 2021թ–ի օգոստոսի 8-ին։
Ըստ դատական տեղեկատվական համակարգում հրապարակված տեղեկատվության` Էրիկ
Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով այն բանի համար, որ նա 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 04:49-ին, Երևան քաղաքի Սայաթ-Նովա 40-80/81 հասցեում գործող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության գլխավոր գրասենյակից կատարել է "ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն":

Գրիգորյանի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարզպետ Ավագյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ գույքը բջջային հեռախոս է, որի արժեքը փորձագետը գնահատել է 50 000 դրամի սահմաններում։

Էրիկ Գրիգորյանի նկատմամբ, դատարանի որոշմամբ, խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Դատական առաջին նիստը, դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, նշանակված է 2021թ. սեպտեմբերի 22-ին` ժամը 1230-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում։
Դատական նիստը կանցկացվի դռնբաց։
Հիշեցնենք` 2020թ–ի նեյեմբերի 9-ին Մոսկվայում եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Երևանում բողոքի ակցիաներ էին սկսվել, որոնց ընթացքում ցուցարարները ներխուժել էին ԱԺ, կառավարության շենք, ՔՊ կենտրոնական գրասենյակ։
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն իջեցվել էր ավտոմեքենայից ու դաժան ծեծի ենթարկվել ցուցարարների կողմից։ Ավելի ուշ հայտարարվեց նաև, որ ցուցարարները կառավարությւնից գողացել են ՀՀ վարչապետի ժամացույցն ու դիվանագիտական անձնագիրը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել