Ավտովթարի հետևանքով հիշողությունը կորցրած աղջիկ, ում սիրելին անում է ամեն բան, որպեսզի օգնի աղջկան այդ դժվար իրավիճակում․ այս պատմության հիման վրա նկարահանված երգիչ Տիգրան Պետրոսյանի նոր տեսահոլովակը բավականին լայն տարածում գտավ համացանցում։
Ինքը՝ Տիգրանը, ասում է, որ իր և ստեղծագործական խմբի նպատակն է եղել նկարահանել այնպիսի տեսահոլովակ, որը կկարողանա լիարժեք բացատրել սեր բառի իմաստը։

Նկարահանումները հեշտ չեն եղել․ տևել են 35 ժամ,սակայն երգիչը նշում է, որ իր համար ժամերն արագ ու հետաքրքիր են անցել։
BlogNews.am կայքի հետ զրույցում Տիգրանը պատմում է, թե ինչպես կայացրեց երաժշտական կարիերա սկսելու որոշումը, ինչ երազանքներ ունի և ինչ նորություններով կուրախացնի երկրպագուներին ապագայում։

Իր երաժշտական կարիերան Տիգրանը սկսել է աշխույժ երգերով, սակայն հիմա՝ դժվար 2020 թվականից հետո, երգիչը կարծում է, որ տեղին չէ նման ժանրի ստեղծագործություններ ներկայացնելը։
Տիգրանը կիսվում է, որ սկզբում ընտանիքն այդքան էլ լավ չի ընդունել երաժշտությամբ զբաղվելու իր ցանկությունը։

«Սկզբում դեմ էին, որովհետև երաժշտության հետ ընտանիքս կապ չունի, ու ցանկանում էին, որ ես խորանամ ինչ-որ բիզնես ոլորտում, իսկ հիմա նրանք ինձ ոգեշնչում են և թևութիկունք են ինձ համար։
Երգել սկսել եմ դեռ մանկուց։ Պետք է ընտրեի՝ զբաղվել երաշժշտությամբ, թե թատերական գործունեությամբ։ Երգն ինձ ավելի հոգեհարազատ էր, բայց չի բացառվում, որ հանդես գամ ինչ-որ նախագծում նաև որպես դերասան»,-ասում է երգիչը։

Տիգրանը համաձայն է, որ հայ իրականության մեջ երգով զբաղվելն այդքան էլ հեշտ չէ, խնդիրները շատ են։
Տեսահոլովակ ունենալը նույնպես բավակնին թանկ հաճույք է, Տիգրանը խոստովանում է, որ դեռ չի կոմպենսացրել այն ֆինանսները, որոնք ծախսվել են տեսահոլովակների վրա, սակայն լիահույս է, որ շուտով ամեն բան կփոխվի։

Դժվար 2020 թվականից հետո արվեստի շատ ներկայացուցիչներ լքում են Հայաստանը, արտասահմանում առավել բարեկեցիկ ապագա գտնելու հույսով։
Չնայած բոլոր դժվարություններին՝ Տիգրանը նրանց շարքը համալրել չի պատրաստվում։

«Ավելի հաճելի ու հարմար պայմաններ կայանալու համար ուրիշ տեղ չեմ տեսնում ու նաև չեմ մեղադրում նրանց, ովքեր գերադասում են հեռանալ»,-ասում է նա։

Իր խոսքը եզրափակելով՝ երգիչը պատմում է ծրագրերի ու գլխավոր երազանքի մասին․ «Ապագայում շատ ծրագրեր կան՝ նոր երգեր, տեսահոլովակներ, հնարավոր են դուետներ հայտնիների հետ։
Իմ գլխավոր նպատակն է սիրվել ժողովրդի կողմից և ունենալ համերգ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել