Մեր հասարակությունն ունի բազմաթիվ արատներ, որոնցից ամենավտանգավորը ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ու երեսպաշտությունն է:
Մենք չունենք համարձակություն ընդունել մեր մեղքը, արժանապատիվ կերպով կրել պատասխանատվություն մեր սխալների համար, դասեր քաղել այդ սխալներից ու այլևս երբեք չկրկնել դրանք:
Մեր դժբախտությունների համար մեղավոր են բոլորը՝ լավ ապրող հարևանը, իշխանությունները, գործարարները, մեծ պետությունները, աշխարհագրական դիրքը, բնակլիմայական պայմանները, ռելիեֆը: Մի խոսքով բոլորն ու ամեն ինչ, բայց ոչ երբեք ՄԵՆՔ:
Մենք ալարում ենք աշխատել, ամբողջ օրը տան բազմոցին պառկած հայհոյում ենք պետությունն ու անիծում մեր բախտը, բայց երբեք չենք մտածում, որ մենք ենք առաջին մեղավորը մեր դժվար կյանքի համար:
Մեղավոր ենք, որովհետև քիչ ենք աշխատել, խաբել ենք մեր գործատուին, պետությանը, ինքներս մեզ, ստացել ենք վարձատրություն, օգնություն, աջակցություն, բայց նախանձել ու ատել ենք մեզ վճարողին, օգնողին ու աջակցողին:
Բարձր ձայնով մերժում ենք կոռուպցիան, բայց առաջին իսկ հնարավորության դեպքում դառնում ենք կոռուպցիոներ, կռվում ենք մենաշնորհի դեմ, բայց երազում ենք ունենալ մենաշնորհ, քննադատում ենք ընտրակաշառքը, բայց ամեն ընտրությունից առաջ սպասում ենք այդ ընտրակաշառքին:
Ստում ենք, կեղծում ենք ինքներս մեզ ու չենք ամաչում դրա համար, դեռ ավելին, համառորեն մեղադրում ենք բոլորին, բայց ոչ երբեք ինքներս մեզ:
Չենք ընդունում, երբ մեզ հայհոյում են, բայց ինքներս դա անում ենք ուրիշների նկատմամբ, չենք ընդունում երբ մեզ նախանձում են, բայց ինքներս ապրում ենք նախանձի ու չարության մեջ, ատում ենք հաջողակներին, խելացիներին, աշխատասերներին, ուրախանում նրանց ձախողումներով, երազում նրանց անկումը, սննկացումը, ունեզրկումը՝ մոռանալով, որ նրանք են մեզ օգնում, աշխատանք ու եկամուտ ապահովում, արտադրություններ ու գործարաններ են հիմնում, կառուցում շենքեր, թաղամասեր:
Մենք ենք առաջին և հիմնական մեղավորը մեր խնդիրների ու դժբախտությունների համար, ու քանի դեռ չենք գտել մեր մեջ համարձակություն ընդունել այս պարզ իրողությունը, դասեր քաղել կատարած սխալներից, մենք դատապարտված ենք սխալվել, կորցնել, զոհվել դավադիր պատերազմներում, անիծել ու հայհոյել, մեղավոր կարգել բոլորին ու ամեն ինչ, ու կրկին սխալվել ու կորցնել . . .
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghazinyan/posts/10215370849664649
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել