ԱԺ-ում "շիշ բռնող" մականունով տղայի վրա շիշ շպրտելն, իհարկե, սխալ էր, մանավանդ երբ դա անում է գեներալը։
Բայց ես ուզում եմ պատմել մի իրականության մասին, որի շնորհիվ հազարավոր հայ զինվորների, այդ թվում այս տեքստը կարդացող շատ ծնողների զավակների կյանքեր փրկվեցին 2016-2020 թվականների ընթացքում։
2016-ի ապրիլյան պատերազմից հետո "Կենտրոն" հեռուստաընկերության եթերում հաղորդում սարքեցի առաջնագծի խնդիրների մասին։ Եթեր գնալուց հետո ինձ զանգեց Արամ Եդիգարյան անունով գիտնական նշելով, որ իր ընկերությունը ստեղծել է սահմանային դիտարկման տեսախցիկներ, որոնք միանգամից երեք գործառույթ ունեն գիշերային տեսանելիություն, ջերմատեսիլ և հեռադիտակ։ Այդ սարքերը տեղադրվում են առաջնագծից 3-4կմ հետ և կարող են հաջողությամբ դիտարկել թշնամու տեղաշարժը օրվա ցանկացած ժամին և ցանկացած եղանակային պայմաններում։
Արամի ստեղծած սարքը նկարեցինք, հաղորդումը եթեր գնաց 2016-ի մայիսի 20-ին ՀՀ ՊՆ-ին կոչ անելով ձեռք բերել այդ սարքերը և փրկել հայ զինվորի կյանքը։
Մայիսի 22-ին ես գործուղվեցի ՌԴ Անապա քաղաք նկարահանումների։ Վերադարձին ինձ զանգեց Արամը և հայտնեց, որ իր հետ կապվել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ցանկացել մանրամասներ իմանալ հայկական արտադրության առաջնագծի դիտարկման սարքի մասին։
Արամը հանդիպել էր Սեյրան Օհանյանի հետ։ Թե ինչ էր եղել հետո, պայմանավորվեցի՞ն արդյոք հայկական ընկերությունն ու ՊՆ-ն, թե՞ պետությունը պայմանագիր կնքեց այլ ընկերությունների հետ, չեմ մանրամասնի, բայց ամիսներ անց ՀՀ և Արցախի առաջնագծի մեծ մասում տեղադրվեցին դիտարկման սարքեր ապահովագրելով հայ զինվորին թշնամու դիվերսիոն գործողություններից և փրկելով հազարավոր կյանքեր։
Այս դրվագի մասին տեղեկացեք մարդկանց հայհոյելուց առաջ։ Սեյրան Օհանյանի հետ երբևէ ծանոթ չեմ եղել, բայց սեփական փորձով գիտեմ, որ նրա շնորհիվ առաջնագծի ողջ երկայնքով տեղադրվեցին դիտարկման սարքեր, և հայ դիրքապահ զինվորի համար թշնամու յուրաքանչյուր գործողություն դարձավ տեսանելի և վերահսկելի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158480615623831
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել