Razm.Info-ը գրում է.
Օգոստոսի 21-ին Ազատամարտիկների խորհուրդը նստացույց կանի նաև Վանաձորում։ Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում ասաց Ազատամարտիկների խորհրդի համակարգող Վոլոդյա Ավետիսյանը։
«Տղաների հետ խոսել ենք, մեզ են սպասում։ Կգնանք, կներկայացնենք, թե ինչպիսին է վիճակը, ինչ առաջընթաց կա»,- ասաց Վոլոդյա Ավետիսյանը։
Ավետիսյանը տեղեկացրեց նաև, որ ՊՆ-ում այժմ զբաղվում են իրենց հարցերով։ «Վարչապետի հետ մեր վերջին հանդիպումից ուղիղ մեկ ամիս է անցել, դեռ մի քիչ էլ պիտի սպասենք, որ նորից հանդիպենք և որևէ նորություն իմանանք»,-նշեց ազատամարտիկը։
Վոլոդյա Ավետիսյանը հավաստիացնում է, որ իրենք իրենց պայքարը շարունակելու են անկախ ամեն ինչից։ «Եթե 80 տոկոսով էլ հարցին լուծում տանք, կպայքարենք նաև 100 տոկոսին հասնելու համար»,- ասաց պահեստազորի գնդապետը։
Նշենք, որ նստացույցը շարունակվում է նաև Վարդենիսում։
Հիշեցնենք, որ հունիսի 3-ից ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը նստացույց սկսեց Ազատության հրապարակում։ Դրանից հետո նրան միացան բազում ազատամարտիկներ ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի մարզերից։ Հունիսի 7-ին նրանց ընդունեց վարչապետ Տիգրան Սարգսյանն ու լսեց նրանցառաջարկների մասին։
Նշենք, որ հունիսի 17-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած ազատամարտիկների վերաբերյալ առկա հիմնախնդիրների քննարկման արդյունքներով ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է որպես մարտական գործողությունների ժամանակահատված սահմանել 1989-1994 թվականները` ներկայումս գործող 1990-1994 թվականների փոխարեն, ՀՀ սահմանների պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու ներկայումս գործող ընթացակարգը փոփոխել և ՀՀ պաշտպանության նախարարությունում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ու ՀՀ ոստիկանությունում գործող համապատասխան գերատեսչական հանձնաժողովների փոխարեն ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` ՀՀ պաշտպանության, ՀՀ առողջապահության, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ՀՀ ոստիկանության ու ՀՀ ազգային անվտանության ծառայության ներկայացուցիչներից:
Հանձնաժողովի խնդիրն է լինելու մարտական գործողություների մասնակցի կարգավիճակի շնորհումը, մարտական գործողությունների մասնակիցների հաշվառումը, նրանց կարգավիճակի ճշտումը, սոցիալ-տնտեսական վիճակի (կարիքների) գնահատումը և սոցիալական աջակցության մեթոդաբանական հիմքերի մշակումը: