Տոկիոյից 1200 կմ դեպի հարավ գտվող ստորջրյա հրաբխի ժայթքումը նոր, կիսալուսնաձև ցամաքի առաջացման հիմք է դարձել Ճապոնական կղզախմբում։

Նիձիման, որը թարմանաբար նշանակում է «նոր կղզի», ունի շուրջ 960 մ երկարություն և գտնվում է Նանպո կղզիների խմբում, որոնք էլ, իրենց հերթին, տեղակայված են Ճապոնական կղզախմբի հարավում։ Կղզին կազմավորվել է Ֆուկուտոկու-Օկանոբա ստորջրյա հրաբխի ժայթքման արդյունքում։ 

Ըստ Ճապոնական օդերևութաբանական գործակալության տվյալների՝ հրաբխի ժայթքումը, որն առաջինն է վերջին տասնամյակում, սկսվել է օգոստոսի 13-ի վաղ առավոտյան։ Երկու օր անց Ճապոնայի ափային անվտանգության աշխատակիցներն առաջին անգամ նկատել են Նիձիման։ 

Գրանցված պատմության մեջ Ֆուկուտոկու-Օկանոբան «լույս աշխարհ է բերել» երեք նոր կղզի։ Առաջին կղզու՝ Սին-Իվոձիմայի կազմավորումն իրադարձություն էր, որի շնորհիվ 1904 թ․ գիտնականներն իմացան հրաբխի գոյության մասին։ Մյուս երկու կղզիները կազմավորվել են համապատասխանաբար 1914 և 1986 թթ․։ Սակայն բոլոր երեքն էլ ի վերջո ջրի տակ են անցել էրոզիայի պատճառով։ 

Կպահպանվի Նիձիման, թե ոչ, կախված կլինի այն բանից, թե որքան երկար կընթանա ժայթքումը, և, համապատասխանաբար, ինչից կազմված լինի ցամաքը։ Մոխիրն ու հրաբխային ֆրագմենտները դժվար թե կարողանան դիմակայել ալիքների հարվածներին։

Ֆուկոտտոկու-Օկանոբայի ժայթքումը դեռևս շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել