Նրանք ովքեր ժամանակ հատկացնելով ընթերցել են իմ վերջին մի քանի գրառումներն իրավունք ունեն հարց տալ, միթե ես այնքան միամիտ ու լավատես եմ, որ կապիտուլյացիան ստորագրած անձից ու նրա գլխավորած իշխանությունից կարող եմ ակնկալել դա չեղարկելու կամ գործադրումը դադարեցնելու ուղղությամբ որևէ քայլ անել: Բնականաբար ո՛չ: Հատկապես, որ դրա համար անհրաժեշտ է հզոր ԱԳ նախարարություն ու դիվանագիտություն, միջազգային հեղինակություն, համարձակություն ու ամենակարևորը՝ հայրենասիրություն, որոնք և մասնավորապես վերջինը բացակայում եմ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ու նրա թիմակցիների մոտ:
Հետևաբար ո՞րն էր Վիեննայի 1969 թվականի կոնվենցիայի շրջագծում նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի քննարկման նպատակը: Փորձեմ բացատրել շատ համառոտ:
Ա. Շուտով ստորագրվելիք խաղաղության համաձայնագրով մենք զրկվելու ենք նախորդ գրառումներում մատնանշված հիմնավորումներով նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից օրենքի և իրավունքի ուժով ձերբազատվելու կամ դրա հետևանքները մեղմելու բացառիկ հնարավորությունից, քանի որ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար նիկոլ փաշինյանի լիազորությունը հաստատվելու է ԱԺ-ի միջոցով, գոյություն չեն ունենալու ոչ հարկադրանքի և ոչ էլ ուժի կիրառման հանգամանքները, նաև բացառվելու է խարդախության ու կաշառքի հնարավորությունը:
Բ. Խաղաղության համաձայնագիրը հանգեցնելու է շատ ավելի ահռելի կապիտուլյացիայի: Դրանով գծվելու են Հայաստանի ու Ադրբեջանի սահմանները և ինչպես արդեն փորձագետներն էլ հայտարարել են, դա կնշանակի վերջնականապես խաչ քաշել Արցախի հարցի վրա և հայտարարել, որ Արցախն ադրբեջանական տարածք է: Բայց դա լինելու է չարյաց փոքրագույնը:
Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ստորագրումից հետո Բաքվի բռնապետը տևական ժամանակ ու տարբեր առիթներով հայտարարում էր «27 տարվա օկուպացիայի» համար հայերից հատուցում պահանջելու մասին: Վերջին շրջանում այդ մասին նա գրեթե չի արտահայտվում, իսկ դրա պատճառը շատ պարզ է: Հատուցում կարելի է ստանալ ոչ թե բռնի ուժի կիրառման միջոցով, այլ միջազգային ատյանների վճռով: Ինչպես դա տեղի ունեցավ Սադդամ Հուսեյնի միջոցով Քուվեյթի օկուպացման դեպքում: Իսկ միջազգային ատյաններում դատը շահելու համար Բաքվի բռնապետին անհրաժեշտ են ամուր փաստարկներ, որոնք կապացուցեն, որ հայկական ուժերը 27 տարի «օկուպացրած» են եղել «ադրբեջանական տարածքները»: Նման համոզիչ փաստաթուղթ կարող է դառնալ Հայաստանի ղեկավարի կողմից ստորագրված ու Ադրբեջանի հետ Հայաստանի հստակ սահմանները գծող խաղաղության համաձայնագիրը: Եթե Հայաստանի քաղաքացուն թվում է, որ դա ոչ թե իր, այլ Արցախի ժողովրդի հարցն է, խիստ սխալվում է: Այդ հատուցումը Բաքվի բռնապետը գանձելու է ոչ թե Արցախի ժողովրդից, որին նա արդեն վաղուց համարում է իր քաղաքացին (ու բնականաբար ինքն իրենից հատուցում չի գանձելու), այլ Հայաստանի քաղաքացիներից: Եթե հիմք ընդունենք ավելի վաղ ալիևի կողմից հնչեցված 50 միլիարդ դոլարի հատուցման պահանջը այս պահին Հայաստանի յուրաքանչյուր հպարտ քաղաքացի նիկոլ փաշինյանի «կիրթ ու կառուցողական» գործընկերոջը պարտք է շուրջ 20 հազար դոլար: Բնականաբար ոչ Հայաստանն ու ոչ էլ Հայաստանի քաղաքացիները նման գումար չունեն: ալիևն ավելի վաղ ներկայացրել է նաև այդ հարցի լուծումը: Հատուցումը կարելի է կատարել Հայաստանից տարածքներ զիջելու միջոցով: Հիշում եք, չէ՞, Բաքվի բռնապետը ինչ վստահությամբ է խոսում «Զանգեզուր» վերադառնալու մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել