Մարդիկ չեն կարողանում վճարել վարկերը, զրկվել են հողատարածքներից ու կենդանիներից ադրբեջանական զինված ուժերի արարքների պատճառով. Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է Տեղ համայնքի բնակիչներին
-----
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է պատերազմից հետո սահմանային դարձած Սյունիքի մարզի Տեղ համայնք (Տեղի համայնքապետարան): Տեղ գյուղում հանդիպմանը մասնակցել են համայնքի Արավուս, Խոզնավար, Խնածախ և մի շարք այլ գյուղերի բնակիչներ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև պատերազմից հետո Արցախի Բերձոր, Քաշաթաղ և մի շարք այլ բնակավայրերից տեղահանված գյուղերի բնակիչներ:
Մարդիկ բարձրացրել են ադրբեջանական զինծառայողների անօրինական արարքների արդյունքում իրենց պատճառված վնասների հատուցմանը վերաբերող հարցեր:
Որպես հիմնական խնդիր՝ նշվել է, որ իրենք զրկվել են ՀՀ իրավասու մարմինների տրամադրած օրինական փաստաթղթերով սեփականության իրավունքով իրենց պատկանող կամ վարձակալած հողատարածքներից, որոնք մշակելու համար բանկերից կամ վարկային կազմակերպություններիղ վերցրել են վարկեր, սակայն ադրբեջանական զինծառայողների՝ իրենց տարածքում անօրինական ներկայության պատճառով մշակված հողատարածքներից չեն կարողացել ստանալ բերքը:
Ադրբեջանական վերահսկողության տարածքներում է մնացել նաև մարդկանց պատկանող գյուղտեխնիկան:
Բնակիչները վարկեր են վերցրել նաև անասնապահությամբ զբաղվելու նպատակով. գնել են խոշոր կամ մանր եղջերավոր կենդանիներ, կառուցել են շինություններ ու անասնագոմեր:
Բայց պատերազմական գործողությունների ընթացքում մարդկանց կենդանիները կա՛մ ոչնչացվել են ադրբեջանական զինված ուժերի հարձակումների պատճառով, կա՛մ գողացել են այդ երկրի զինծառայողները: Զինված հարձակումների դադարից հետո նրանց մի մասի կենդանիները մնացել են ադրբեջանական վերահսկողության տարածքներում, և ադրբեջանական զինված ուժերը կատեգորիկ հրաժարվում են վերադարձնել (օրինակ՝ մի դեպքում չեն վերադարձրել 120 մանր եղջերավոր կենդանի, մյուս դեպքում՝ 18 խոշոր եղջերավոր կենդանի և այլն):
Բնակիչներից շատերն էլ նշել են, որ ստիպված են շուկայականից մի քանի անգամ ցածր գներով վաճառել, քանի որ հնարավոր չէ բավարար անասնակեր, առաջնահերթ՝ խոտ հավաքել խոշոր և մանր եղջերավոր կենդանիների համար: Խնդիրն այն է, որ առկա են արոտավայրեր, որոնցում ներկայում անօրինական գտնվում են ադրբեջանական զինված ուժեր:
Ստեղծված իրավիճակում մարդիկ վարկերը և տոկոսադրույքները վճարելու համար եկամուտ չունեն, իսկ բանկերը կամ վարկային կազմակերպությունները հաշվի չեն առնում նրանց վիճակը և պահանջում են վարկերի գումարներն ու տոկոսները:
Հանդիպման ընթացքում բնակիչներն ընդգծել են աջակցության և սահմանամերձ գյուղերի բնակիչների համար նախատեսված արտոնությունների կամ հատուկ ծրագրերի անհրաժեշտությունը, որպեսզի առանց այն էլ անվտանգության նոր խնդիրների առաջացրած սոցիալական դժվարությունները էլ ավելի չմեծանա:
Արման Թաթոյանն իր աշխատակազմի հետ մանրամասն քննարկումներ է ունեցել տեղի կարի արտադրամասի աշխատակից կանանց հետ: Քննարկվել է նրանց ձեռնարկատիրական գործունեությանն աջակցելու ծրագրեր ու նախաձեռնություններ:
Այդ քննարկումներին մասնակցել է նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հայաստանի գրասենյակի (UNFPA Armenia) տնօրեն Ծովինար Հարությունյանը (Tsovinar Harutyunyan), ով նույնպես ներկայացրել է բնակիչներին աջակցության հնարավորություններ:
Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մանրամասն արձանագրել են ինչպես ամբողջ համայնքի, այնպես էլ առանձին բնակիչների խնդիրները, տրամադրվել է խորհրդատվություն:
Պաշտպանն իր իրավասության սահմաններում անհրաժեշտ քայլեր կձեռնարկի բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ՝ համագործակցելով իրավասու մարմինների ու գործընկերների հետ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=908345259764680&id=100017676420633
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել