Այս օգոստոսին հնարավոր կլինի տեսնել Սատուրնն ու Յուպիտերը՝ շնորհիվ հազվադեպ տեղի ունեցող երևույթի՝ մոլորակների հակադրության։ 

Հակադրություն է կոչվում մոլորակի որոշակի դասավորությունը, որի ժամանակ այն մի գծի վրա է հայտնվում Արեգակի և Երկրի հետ։ Որքան հեռու է երկնային մարմինը մեր մոլորակից, այնքան հազվադեպ է հնարավոր ականատես լինել երևույթին։ 

Երբ Երկիրը հայտնվում է Արեգակի և այլ մոլորակի մեջտեղում, հնարավոր է դառնում այդ մոլորակը գիշերը տեսնել հորիզոնի տակ՝ երկնքի արևելյան հատվածից։ Բացի դրանից, այն բավականին երկար է տեսանելի լինում՝ ողջ գիշերվա ընթացքում։ Միանգամից մի քանի մոլորակի հակադրությունը հազվագյուտ երևույթ է, որին, բարեբախտաբար, կկարողանանք ականատես լինել այս ամիս․ տեսանելի կլինեն Սատուրնն ու Յուպիտերը։ 

Սատուրնը Արեգակից հեռավորությամբ վեցերորդ մոլորակն է՝ ամենագեղեցիկներից մեկը մեր համակարգում։ Այն կազմված է ջրածնից, հելիումից, ջրից, մեթանից և ամոնիակից։ Տարբերվում է իր սառցե օղակներով։ 

Յուպիտերն Արեգակնային համակարգի ամենախոշոր մոլորակն է, հեռավորությամբ՝ հինգերորդը։ Յուպիտերն առանձնանում է մեծ թվով արբանյակներով, որոնք 79-ն են։ 

Յուպիտերն այս ամիս հեշտ կլինի տեսնելը․ այն աստղային երկնքում ամենալավ նկատելի մարմինն է։ Բացի դրանից, հեռադիտակ կամ աստղադիտակ օգտագործելու պարագայում հնարավոր կլինի տեսնել նաև դրա խոշորագույնյ չորս արբանյակները։ Սատուրնը կգտնվի Յուպիտերից աջ։ 

Սատուրնի հակադրության պիկն արդեն անցյալում է․ այն տեղի է ունեցել օգոստոսի 2-ին, իսկ Յուիտերինը մոտ ապագայում տեղի կունենա՝ օգոստոսի 20-ին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել