Hetq.am-ը գրում է.
Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար համայնքում ռուս զինվորականներն ուղեկալ են տեղադրել և Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպարի հատվածում տնակներ են տեղադրում։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց ոսկեպարցիներից մեկը, որը չցանկացավ հրապարակել իր անունը:
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ ռուս զինծառայողները սահմանագծի հետ կապված մոնիթորինգ են իրականացնում։
Հարցին, թե Ոսկեպարում ռուս զինծառայողների ներկայությունն ինչով է պայմանավորված՝ Ղալումյանը պատասխանեց․ «Իրավունք ունեն»։
Ճշտող հարցին, թե ի՞նչ իրավունքով են ռուս զինծառայողներն այնտեղ, ի՞նչ են նրանք որոշում՝ մարզպետը չպատասխանեց և հեռախոսն անջատեց։
«Հետքը» կապ հաստատեց Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Աբազյանի հետ, նրա խոսքով՝ Ոսկեպար համայնքում ռուս զինվորների մասին լուրն իմացել է բնակիչներից ու համացանցից։ «Ինձ ոչ մեկը պաշտոնապես ոչինչ չի ասել»,- հավելեց Աբազյանը՝ նշելով, որ վարչական ղեկավարը գյուղում է եղել։
Ոսկեպար համայնքի վարչական ղեկավար Սերոբ Մաղսուդյանն էլ հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել և ուղղորդեց դիմել պաշտպանական գերատեսչություն։
ԶՈՒ գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանի և ՊՆ խոսնակ Գևորգ Ալթունյանի հեռախոսահամարներն անհասանելի են, նրանց հետ կապ հաստատել չհաջողվեց, ԱԳՆ նորանշանակ խոսնակ Վահան Հունանյանը եւս չի պատասխանում հեռախոսազանգերին։
«Հետքը» փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ կառավարությունից, սակայն լրատվական ծառայությունում չպատասխանեցին զանգերին: