Մեկնարկեց 8-րդ գումարման ԱԺ-ն։ Ներքաղաքական և անվտանգային խնդիրները շարունակում են խորանալ, կալանավորված են նորընտիր 2 պատգամավորներ, 《Հայրենիք》 կուսակցության Վայոց ձորի պատասխանատուն, ընդդիմադիր համայնքապետեր և ակտիվիստներ։ Ընդդիմության մի խումբ ներկայացուցիչների, այդ թվում և իմ, դեմ հարուցված են քրեական գործեր խաղաղ ակցիաների` ճանապարհներ փակելու, մեղադրանքով, որով սրանք եկան իշխանության, և արգելք է դրված երկրից դուրս գալու վրա։ Ադրբեջանական զորքերը շարունակում են օկուպացնել Հայաստանի մի շարք տարածքներ, թշնամին արդեն կրակում է Երևանից 50կմ հեռավորության վրա, իշխանության վզին դրված է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու կամ Արցախը վերջնականապես հանձնելու հարցը։ Այս ամենին էլ գումարած արտագաղթի ահագնացող տեմպերը, համատարած հուսալքությունը, պարտվածի հոգեբանությունը, ինչպես նաև սոցիալական բազմաթիվ խնդիրներ։
Այսքանից հետո հարց է առաջանում. Ի՞նչով է զբաղված իշխանությունը և ի՞նչ է ակնկալում խորհրդարանական ընդդիմությունից։ Գուցե՞ ակնկալում է բավարարվել պատգամավորական մանդատներով և սահմանափակվե՞լ խորհրդարանում հարցեր բարձրացնելով։
Չի՛ լինելու իշխանության ցանկությունը, քանի դեռ խորանում են վերընշված` քաղաքական հետապնդումներն ու անվտանգային խնդիրները, և չեն լուծվում բազմաթիվ այլ խնդիրներ։
Խորհրդարանը, փողոցային պայքարին զուգահեռ, պետք է լինի ընդդիմության համար ևս մեկ հարթակ, սրանց իշխանությունից հեռացնելը ավելի արագ հաջողելու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել