Armeniasputnik.am-ը գրում է.

Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի թեկնածուն կլինի «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։

Լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ հենց ինքն է լինելու թեկնածուն: Սաղաթելյանն ասաց, թե տեղեկություն չունի՝ արդյոք այլ թեկնածու կառաջադրվի։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք նիստերը կշարունակվեն այն ժամանակ, երբ կալանավորված պատգամավորներին ազատ կարձակեն, Սաղաթելյանը նշեց, որ սա քաղաքական պրոցես է. երբ պետք լինի գալու են ԱԺ, երբ պետք լինի բոյկոտելու են։

«Սովորաբար նման բաները նախօրոք չեն ասում, կանենք կտեսնեք»,–ասաց նա։

Այսօր ընթանում է ԱԺ 8–րդ գումարման անդրանիկ նիստը։

Նշենք, որ կալանավորված են Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը։

Հիշեցնենք` հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել