![]() |
|
Երևանի նախկին փոխոստիկանապետ |
Ոստիկանության նախկին աշխատակիցները առանց թիկնազորի ուղեկցության հանգիստ զբոսնում են, քայլում փողոցներով: Թվում է, թե հենց այս մարդիկ, որոնք իրենց գործունեության բնույթից ելնելով շփվել են հանցագործ, տարաբնույթ վտանգավոր տարրերի, հասարակության տականքների հետ, թիկնազորի կամ պահպանության կարիք պետք է ունենային:
Սակայն ես և իմ շատ-շատ գործընկերներս հանգիստ, անվտանգ, առանց ահուդողի, վախի զգացման քայլում, զբոսնում ենք մեր մայրաքաղաքի մարդաշատ փողոցներով և զվարճանքի վայրերով:
Այո’, իրոք կարծես հայկական նոր, հերթական ավանդույթ է ձևավորվել` թիկնապահների ուղեկցությամբ շրջելու ավանդույթ… Հաստ «Նիվաներով», ջիպերով թաղումների, ցուցամոլ, լիմուզիններով, անպայման վերջին մոդելների մեքենաներով, ազդանշաններով, հրապարակի պտույտներով, պարտադիր որոշակի վայրերում լուսանկարվելու, ավտոմեքենայից կեսգիշերն անց գերբարձր երաժշտություն լսելու, հրավառություն տալու, եկեղեցում գոռգոռոցով, աղմուկ-աղաղակով, տեսագրող, լուսանկարող սարքերը չխկչխկացնելով, «արագի մեջ» մոմ վառելու, փողոցներում, մյուս հասարակական վայրերում չրթելու, ոգևորված, ծնոտը ջարդելով ծամոն ծամելու, պպզել-թքելու, մատը քթի մեջ խոթելու, չեղած ուղեղը քորելու և նման շատ այլ ավանդույթների նման:
Զարմանալ կարելի է, թե պատգամավորներից, գործարարներից, պաշտոնյաներից շատերը ինչու են նույնիսկ ԱԺ-ում, այլ պետական հիմնարկներում, բացարձակ անվտանգ և հսկողության տակ գտնվող շենքերում, տարածքներում խուսափում միայնակ քայլելուց: Տպավորություն է, որ լողասենյակում, ննջասենյակում անգամ թիկնապահներ կան...
Լավ, ի՞նչ պետք է արած լինես, ի՞նչ կենսագրություն պետք է ունենաս, որ այդքան շատ վախ ու տագնապ ունենաս…
Եթե դա զուտ տուրք է նորաձևությանը կամ իրենց «հեղինակության», «ազդեցիկ» երևալու խնդիր է, ապա ասեմ, որ ես միայնակ, հանգիստ, առանց թիկնապահների, առանց «զորքի», զենք ու զրահի զբոսնելիս ինձ ավելի հանգիստ, ազդեցիկ և կարևոր եմ զգում… Եվ բնականաբար թքած ունեմ նման ցուցադրական կամ վախվորած «ավանդույթների» վրա:
Դեռ լավ է, երբ նրանք մենակ են: Պատկերացնո՞ւմ եք` քանի հոգի է հետևներից ֆռֆռում, երբ մի քանի նման պատգամավոր կամ պաշտոնյա միասին են զբոսնում…
Հ.Գ. Հատուկ չհասկացողների, խառնակիչների համար` խոսքս չի վերաբերում այն պաշտոնյաներին, որոնք ըստ արարողակարգի և պետության անվտանգության նկատառումներից ելնելով պարտադիր թիկնապահ պետք է ունենան…




